
Լրացված է՝ 21.26-ին
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել։
Լրացված է՝ 20.10-ին
Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները ևս դուրս են գրվել։ Այս պահին ընդհանուր առմամբ բուժումը շարունակում է 1 քաղաքացի։
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Վերջինս մեկնել է դեպքի վայր: Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:
Լրացված է՝ 19.06-ին
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում։ Տուժածների առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։
Լրացված է՝ 18.54-ին
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։
Տեղադրված է՝ 18.36-ին
Խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային իրերի «Վեգա» խանութի պահեստային մասում։ Հրդեհի հետևանքով կա 6 տուժած: Նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց։ նախնական տվյալներով, նրանք ծխահարվել են։

ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Մինչ այդ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:




