Տնտեսական

11 մլրդ դրամի հարկային արտոնություն, 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով

Oգոստոսի 22-ին ՀՀ կառավարությունը շուրջ 11 մլրդ դրամի հարկային արտոնություն տրամադրելու որոշում է կայացրել՝ այսուհետ ներմուծման մաքսատուրքից ազատել Հայաստանում շինարարության ոլորտում ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար «Պրոֆ Ալ» ընկերությանը, ինչպես նաև գուլպաների, տրիկոտաժի և թելերի արտադրությամբ զբաղվող «Լենտեքս», արգելակման կոճղակներ արտադրող «ԱՖԱ» ընկերություններին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեք ընկերությունների ներդրումներն իրենց հանրագումարով կազմում են 11,3 մլրդ դրամ, որից 3,8 միլիարդը կներդնի «Պրոֆ Ալ» ընկերութունը նոր գործարան կառուցելու, նախագծեր իրականացնելու և  հումքի ձեռք բերման նպատակով:

«Ներկայում կազմակերպությունն ունի 281 աշխատակից, նախատեսվում է եւս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 մլրդ դրամ, որից 8 միլիրադը կարտահանվի ԵՏՄ և երրորդ երկրներ»,-կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն իր խոսքում նշել է. «Հայաստանի շուկան թեև փոքր, սակայն արդյունավետ և հեռանկարային է, քանի որ երկիրն ունի մեծ ներուժ արտադրության տարբեր ոլորտների զարգացման տեսանկյունից: Պետական ճիշտ քաղաքականությունն իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը: Այս նախագծի շրջանակում մենք նախատեսում են ընդլայնել մեր գործունեության շրջանակն ու արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ներմուծման արտոնությունը կօգտագործենք ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության համար»:

Էդգար Ավետիսյանի խոսքով՝ գործադիրի կողմից արտոնության տրամադրումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, արտահանման ծավալների աճի, տեղական արտադրության զարգացման համար:

Կարդացեք նաև

Back to top button