
Չինարի գյուղի 13-րդ դարի Խորանաշատ վանքը, որը չէր գործում ճանապարհի վտանգավորության պատճառով, այսուհետ կբացվի, քանի որ այդ ճանապարհը նույնպես վերահսկվում է Հայկական զինուժի կողմից։
«Այս մասին ապրիլի 25֊-ին մի թեթև ակնարկեցի ասելով, որ լավ լուրեր եմ լսել և այցելել Խորանաշատ եկեղեցի, բայց ոչինչ չասեցի, քանի որ գտնում եմ այդ մասին առաջինը խոսելու իրավունքը տրված է ՊՆ ֊ին։ Ի դեպ մի հզոր հրամանատարի մարտավարության արդյունք է ու շատ ուրախ եմ, որ կան նման նվիրյալներ մեր սահմանին կանգնած։ Այս պարագայում զինվորնել է ապահովագրված»,- գրել է իր էջում ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Հայաստանի Զինված ուժերը ռազմավարական նշանակության օբյեկտներ են վերցրել իրենց վերահսկողության տակ: Անդրադառնալով շրջանառվող լուրերին՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝ վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած բարձր դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, թիրախային գոտում են նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը




