
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Երկու շաբաթից կմեկնարկի նոր ուսումնական տարին: Ոգևորությանն ու սպասումներին զուգահեռ՝ ուսումնական տարվա մեկնարկը նաև ծախսերի ավելացում է ծնողների համար: Մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար, «Ռադիոլուր»-ի հաշվարկով, անհրաժեշտ է նվազագույնը 50 հազար դրամ: Վերջին տարիներն դպրոցական նախապատրաստությունները տեղափոխվել են օնլայն հարթակ: Ծնողները վստահեցնում են՝ ավելի մատչելի է ու հարմար:
Կարինեն դպրոցահասակ երեք երեխա ունի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ գնումներ դեռ չի կատարել, ամեն մի երեխային դպրոց ճանապարհելու համար միջին հաշվով 50 հազար դրամ է անհրաժեշտ, ասում է: Եթե հագուստն ու կոշիկը հնարավոր է երկու տարի օգտագործել, ապա գրենական պիտույքներն ամեն տարի փոխելու անհրաժեշտություն կա, դա էլ ամենաթանկ հաճույքն է:
Ե՛վ խանութներում, ե՛վ տոնավաճառում գները բարձր են, օնլայն խանութներից չի օգտվում. նախ՝ փորձ չունի, հետո էլ՝ չի վստահում: Ասում է՝ գնելուց պիտի աչքովս տեսնեմ, ձեռքս վերցնեմ ապրանքը: Նախորդ տարիների համեմատ տոնավաճառներում գները աճել են, սակայն միեւնույն է առեւտրի խոշոր կենտրոնների համեմատ ավելի մատչելի են թվում, Կարինեն դա էլ է նշում։

«Դեռ գումար չկա, հենց գրենական պիտույքներին ամենաշատն ա գնում գումար: Հագուստներն էլ, կոշիկներն էլ բավական թանկ են»,- նշում է ծնողը:
Գրենական պիտույքները թանկ են՝ տետրերի արժեքը տատանվում է 150-400 դրամի շրջակայքում, գրիչներն արժեն 60-ից 250 դրամ։ Օրագրերն 1000-1400 դրամ են։ Շուրջ 3000 դրամ էլ անհրաժեշտ է ռետին, քանոն, 12 թերթանի տետրեր, նկարչական ալբոմ եւ գունավոր մատիտներ գնելու համար։ Դպրոցական պայուսակների արժեքը սկսվում է 10 հազար դրամից։
Լենան այս տարի իր երկրորդ երեխային է առաջին դասարան ուղարկում: Սեպտեմբերի 1-ին դեռ մեկ ամիս առաջ են սկսել պատրաստվել: Դպրոցական պայուսակը պատվիրել է օնլայն խանութից, պատվերը տեղ է հասել մոտ մեկ ամսվա ընթացքում: «Այդ գնի մեջ մտնում էր նաեւ չափսերով ավելի փոքր պայուսակ, գրչատուփ: Ի ուրախություն մեզ ու ինչպես նաեւ երեխաների՝ կային նաեւ նվերներ: Պայուսակներից մեկն արժեր 11 հազար դրամ, մյուսը՝ 11.5 հազար դրամ»,- ասում է Լենան:
Արմինեն օնլայն գնումներով զբաղվող ընկերությունում է աշխատում: Այս օրերին դպրոցական իրերի պատվերներն աճել են: Ասում է՝ չնայած վերջին տարիներին օնլայն շուկաների հանդեպ վստահությունն ու հետաքրքրությունը մեծացել է, սակայն շոր ու կոշիկ ծնողներն, այնուամենայնիվ, նախընտրում են խանութներից գնել:
Օնլայն, թե իրական գնումներով նախապատրաստվելով դպրոցին՝ ծնողները, միևնույնն է, փաստում են՝ դպրոցի ճամփան թանկ է ու ծախսատար շատերի համար:




