ԿարևորՀասարակություն

Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթերի պահանջարկ կա

Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝ այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

Աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն, նրա խոսքով, ավիաընկերություններին  նախ պետք է համոզել, որ թռիչքը շահավետ կլինի, և որ հատկապես Լոս Անջելեսից շատ հայեր են գալիս Հայաստան:

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսն էլ հույս է հայտնել, որ ապագայում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն, քանի որ նաև դրա պահանջարկը կա:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ողջունել էր Լոս Անջելեսի քաղաքապետարանում «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ» անվանումը կրող վարչության և Հայ դատի հանձնախմբի միջև քննարկումները՝ Լոս Անջելեսից Երևան ուղիղ չվերթ կազմակերպելու վերաբերյալ:

«Ուրախ եմ, որ Հայ դատի հանձնախմբի և «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ»-ի միջև սկսվել է երկխոսություն՝ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևան ուղիղ չվերթ կազմակերպելու շուրջ: Որպես Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի, ինչպես նաև ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ, ես պատրաստ եմ աջակցել այս ստեղծարար նախաձեռնությանը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է հնարավոր ուղիղ կապ հաստատել Լոս Անջելեսի և Հայաստանի միջև: Ես ողջունում եմ Հայ Դատի հանձնախմբին և Լոս Անջելեսի քաղաքապետարանի ավիացիայի վարչությանը այս ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկելու համար»,- հայտարարել էր կոնգրեսական Նապոլիտանոն:

Կարդացեք նաև

Back to top button