ԿարևորՀասարակություն

Գլաձորցիներն իրենց ուժերով էկոտուրիզմ են զարգացնում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում ավելացել են հացահատիկի ցանքատարածքները, բայց անբարենպաստ եղանակի պատճառով  բերքատվությունը ցածր է: Հողերի 35 տոկոսը չի մշակվում, արդյունավետ օգտագործելու նպատակով առաջարկվել է միավորել փոքր հողակտորներն ու հիմնել խաղողի այգի:  Գլաձորում մտադրվել են զարգացնել էկոզբոսաշրջությունը,  ավելացնել հյուրատների թիվը  և ստեղծել  գաստրոբակեր:

Գլաձորում էկոզբոսաշրջության  նախադրյալներ արդեն կան: Համայնքի տարածքում են գտնվում վաղ միջնադարում և ավելի ուշ կառուցված պատմամշակութային հուշարձանները, սակայն տեղ հասնելու համար  անբարեկարգ ճանապարհները բարդություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար: Վերջերս համայնքի սուղ միջոցներով  և  գյուղի ներուժով  հարթեցրել են  քարքարոտ հողային ճանապարհը և մատչելի դարձրել մարդատար ավտոմեքենաների համար: Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը նշում է, որ մարդկանց բարի կամքի դրսևորմամբ  ընդհանուր առմամբ բարեկարգվել է  շուրջ 10 կմ հողային ճանապարհ, որը սարերի եզրերով  տանում է  Պռոշաբերդ, Սպիտակավոր վանական համալիր, Նժդեհի գերեզման:

Գլաձոր համայնքը որևէ տեխնիկա չունի: Ճանապարհի բարեկարգման նպատակով տեխնիկական միջոցները տրամադրվել են բարեգործությամբ, իսկ համայնքից մասնակցել է մոտ 110 մարդ: Համայնքի ղեկավարն ասում է՝ գեղ կանգնի, գերան կկոտրի և ավելացնում,  եթե ճանապարհի նորոգումը որևէ ծրագրով իրականացվեր, ապա գրեթե 18 մլն դրամ կպահանջվեր, մինչդեռ իրենք տրամադրել են շահագործվող տեխնիկայի վառելիքը:  Զբոսաշրջիկների համար գյուղում արդեն 2-րդ հյուրատունն է բացվել, 3-րդը կառուցվում է Վերնաշեն գյուղում.

«Մի համագյուղացի ունեինք, երբ  նոր էր սկսել գաստրոբակ բիզնեսով զբաղվել, բոլորը թերահավատորեն էին վերաբերվում, բայց հիմա շաբաթը 2-3 անգամ ավտոբուսներով տուրիստներ են գալիս»:

Գլաձորում  զբաղվում են պտղաբուծությամբ, իսկ վարելահողերի 30-35 տոկոսը չի մշակվում, թողել են խոտհարք:  Հողերը չմշակելու վերաբերյալ տարբեր մարդկանց հետ զրուցելիս տարբեր կարծիքներ լսեցի՝ չեն կարողանում, հիվանդ են, ժամանակ չունեն և միայն տնամերձ հողամասն են մշակում:  

Համայնքում ոռոգման ջրի խնդիր չկա: Հողն անմշակ թողնելը անըմբռնելի է արդեն վաստակած հանգստի անցած ուսուցչուհի Ֆլորա Հարությունյանի համար: 45 տարի առաջ Երևանից գործուղվել էր Գլաձորի դպրոց, եկել, ամուսնացել ու մնացել  է, մանկավարժությանը զուգահեռ հող է մշակում.

«Հողամասում ամեն ինչ ունենք՝ վարունգ, պոմիդոր, բադրջան, բիբար, լոբի,կանաչի, ամեն ինչ: Գիտե՞ք ինչ, եթե հողն ունես, ո՞նց կարելի է չմշակես»:

Հետո ընկեր Հարությունյանը համեմատություն է անցկացնում Երևանում ապրողների հետ, նրանք հող չունեն, այլ բանով են զբաղվում:  Ասում է՝եթե  հողը չես մշակում, ապա խոտ է աճում,  եթե խոտ ունես, պետք է անասուն էլ պահես, եթե անասուն չես պահում, ուրեմն խոտից ստացած եկամուտով պետք է կաթնամթերք գնես:  Մաթեմատիկական հաշվարկներ անելով մաթեմաթիկայի վաստակաշատ ուսուցչուհին իր մշակածից բաժին է հանում նաև Երևանում ապրող հարազատներին:

Վերջին տարիներին Գլաձորում հացահատիկի ցանքատարածքներն ավելացել են և  արդեն սկսվել է հունձը, բայց նախորդ տարվա համեմատությամբ բերքատվությունը ցածր է՝ 15 ց : Հողերն արդյունավետ օգտագործելու նպատակով  համայնքի ղեկավարն առաջարկում է միավորել փոքր հողակտորները:  Համագյուղացիներից մեկը որոշել է գյուղացիներից նույնիսկ վարձակալությամբ վերցնել  հողերը՝ շուրջ 3 հա:

 Համայնքն այս տարի սուբվենցիոն 5 ծրագիր է իրականացնելու՝ ներհամայնքային ճանապարհների խճապատում, Գետափ և Վերնաշեն համայնքներում խաղահրապարակների տեղադրում, Գետափ համայնքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում, Գլաձորի մշակույթի տան մասնակի  նորոգում և գազիֆիկացում: Գլաձոր խոշորացված համայնքի բյուջեն շուրջ 200 մլն դրամ է, որն առաջին կիսամյակում կատարվել է 82 տոկոսով: Սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ համայնքում ժամանակավոր աշխատատեղեր կբացվեն:

Կարդացեք նաև

Back to top button