ԿարևորՀասարակություն

Թրաֆիքինգի լուրը Մարմաշենում կրքեր է բորբոքել

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Շիրակի մարզ

Օրերս ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում մի երիտասարդ աղջիկ 8 տարի շարունակ ենթարկվել է աշխատանքային շահագործման:

Նրան հունիսի 18 ին հաջողվել է փախչել եւ ապաստան գտել Ապարանի սարերում բնակվող հովիվների մոտ։

Աղջիկը ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին պատմել է, որ  այս տարիներին մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը գտել է նրան, վերադարձրել գոմ, դաժան ծեծել և սպառնացել, որ հաջորդ անգամ այդպիսի փորձ անելու ժամանակ կխեղդի։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե։

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում իմանալով դեպքի մասին շատ են վրդովվել,  համագյուղացի Ֆերմերին էլ են լավ ճանաչում, աղջկան էլ։

Գյուղի անասնաբույժը՝ Հարություն Խաչատրյանը նշում է, որ աղջիկը բարեխիղճ աշխատող է եղել, գործատուն էլ՝ Ռուբենը նրան նորմալ է վերաբերվե, աղջիկն էլ «մինչեւ անգամ իրա (Ռուբենի խմբ.) մորը մամա է ասել»։

Մարմաշեն գյուղի բնակիչներն ու վարչական ղեկավարը զարմացած են։ Ասում են՝ եթե աղջիկը գանգատ ունենար, գոնե մեկին տեղյակ կպահեր։ Հաճախ են տեսել, զրուցել նրա հետ։

«Առիթներ է եղել, հանդիպել եմ իրենց, ֆերմայում էլ, իրենց տանն էլ, էդ աղջկան իրենց տան անդամի պես էին վերաբերվում, իմ կարծիքով պետք է շնորհակալ լիներ»,- ասում է Մարմաշեն գյուղի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանը։

Անհատույց կացարան, սնունդ ու ամիսը 40-50 000 դրամ աշխատավարձ են տվել՝ ասում է գործատուի մայրը՝ Սվետլանա Թորոսյանը։ Պատմում է՝ երբեմն տան բանալիներն է նրա մոտ թողել, վստահել է, ի վերջո 8-10 տարի միասին են ապրել։

Աղջիկը տիկին Սվետլանային պատմել է, որ մոր երկրորդ ամուսնու հետ չի ցանկացել ապրել նույն տանիքի տակ, փախել է Հայաստան։ «Դիմեցինք, որ մորը կանչեն տեսնի աղջկան, մայրը չեկավ, ինքն էլ լացեց»,- պատմում է։

Մինչ նախաքննական մարմինը կպարզի դեպքի մանրամասները ֆերմեր Ռուբեն Թորոյանն ասում է, որ «զրպարտության համար պատիվ է պահանջելու»։

Կարդացեք նաև

Back to top button