ԿարևորՀասարակություն

Իգոր Մուրադյանին` ՀՀ հերոսի կոչում. ստորագրահավաք

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Ստեփանակերտում, Քաշաթաղի շրջանում և Մարտունիում  այս օրերին ստորագրահավաք է. հանրագիր է նախապատրաստվում հասցեագրված Հայաստանի իշխանություններին՝ Արցախյան շարժման գաղափարակիր առաջնորդներից մեկին՝ Իգոր Մուրադյանին ՀՀ հերոսի կոչում շնորհելու կոչով:

Ստեփանակերտի մարդկային հոսքով  ոչ այնքան բանուկ Թումանյան փողոցում «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության գրասենյակի դիմաց փոքրիկ սեղանի վրա լուսանկար է, թղթեր, գրիչ:

Գրասենյակից ներս կուսակցության արցախյան կառույցի ղեկավար Գեղամ Գրիգորյանն ասում է, որ մարդիկ, հատկապես երիտասարդները՝ ավելի շատ հետաքրքրվում են, քան՝ ստորագրում:

Արցախում Իգոր Մուրադյանին նվիրված հանրագիր ստորագրելու առաջարկով «Սասնա ծռեր» կուսակցությունն է հանդես եկել։ Նախաձեռնությունը եկել է Երևանից՝ Համահայկական կուսակցության և «Իգոր Մուրադյան» հիմնադրամից՝ ասում է Գեղամ Գրիգորյանը:

Իգոր Մուրադյան անունը արցախյան ավագ սերնդին քաջածանոթ է: Նա այստեղ համարվում է  շարժման գաղափարակիրներից մեկը, որը սակայն շարժման ընթացքում ձևավորված քաղաքական վերնախավում չմնաց: Ընկերն ու գաղափարակիցը՝ Մարգարիտա Քարամյանն ասում է՝ նա ինքնիշխան, անկախ ու միացյալ Հայաստանի գաղափարի կրողն էր, գուցե դրանով չմնաց պաշտոնական գաղափարախոսության  ծիրում:

2015 թվականին, Բերձորի իրադարձություններից հետո, Իգոր Մուրադյանը հրաժարվեց միակ պարգևից՝ Արցախի իշխանություններին վերադարձրեց Մեսրոպ Մաշտոց շքանշանը: Մարգարիտա Քարամյանը հիշում է՝ նեղված էր ոչ այնքան ստացած ֆիզիկական հարվածներից, որքան գիտակցումից, որ  իր երազած պետությունը չի կառուցվել:

Հանրագիրը, եթե հաջողվի հասնել դրա նպատակի իրականացմանը, հնարավորություն կտա մոռացությունից վերհանել հայրենիքի նվիրյալի անունը, հանրության սեփականությունը դարձնել նրա դավանած գաղափարները: 

Դժվար մարդ էր, խոստովանում է ընկերը, չզիջող, բայց այդ բնավորությամբ անձը կարող էր միայն 1986 թվականին  Արցախում վարած քաղաքականության պատճառով դատի տալ Հեյդար Ալիևին ու շահել դատը:

Իգոր Մուրադյանը մահացել է մեկ տարի առաջ՝ ծանր հիվանդությունից հետո, իր երևանյան աղքատիկ անհարմար բնակարանում։ Այն բնակարանում, ուր իր իսկ պահանջով տեղափոխվեց արտասահմանից, որտեղ ընկերների աջակցությամբ բուժվում էր։ Վերադարձավ հեղափոխություն ապրող հայրենիքում մահկանացուն կնքելու համար:

Կարդացեք նաև

Back to top button