Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Ժառանգության առաջնորդ, ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա նամակին, այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հովհաննիսյանի ստորագրությամբ նամակն արդեն ուղարկվել է նախագահին: Դրանում Ժառանգության առաջնորդը դրական է գնահատել այն, որ Սերժ Սարգսյանը գրավոր պատասխանել է իր համալիր առաջարկներին:
«Թեև նամակի ձևակերպումներում առկա են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը»,- ասված է Հովհաննիսյանի պատասխան նամակում, որն ընթերցել է Ժառանգության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` հանդիպելու և քննարկելու սեղանին դրված, ինչպես ինքն է ձևակերպել, «համազգային հանգուցալուծումը» ցանկցած ժամի, ցանկացած ձևաչափով, Ազատության հրապարակում:
Ժառանգության առաջնորդը նաև շոնրհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` իր առողջական վիճակով մտահոգվելու համար և ասել է, որ ինքը միանգամայն առողջ է:
«Ես կազդուրման կարիք չունեմ, կարող եմ առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը` հանուն նոր սահմանդրական Հայաստանի: Եթե ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման համար, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող ձեր բովանդային առաջարկությունները, որոնք ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սարգսյանը պատասխանել էր Րաֆֆի Հովհաննիսյանի` ուրբաթ օրվա հանրահավաքից հետո իրեն ուղարկված նամակին, որտեղ Հովհաննիսյանն առաջարկել էր ի դեմս Ժառանգության` ժողովրդին վերապահել մի շարք ոլորտների կառավարումը: