
Սաթիկ
Իսահակյան
«Ռադիոլուր»
Նոր ստեղծված, դեռևս քչերին հայտնի «Արմանում» էթնիկ նախագիծը շաբաթական 2-3 օր հավաքվում և մշակում է հին մոռացության տրված երգն ու երաժշտությունը:
Երգացանկի հիմքը էթնիկ երաժշտությունն է, նպատակը՝ վերադարձ արմատներ: «Գոհար» նվագախմբի շեփորահար Հարություն Խաչատրյանի արմատները հասնում են մինչև Ալեքպոլ ու Մուշ: Էթնիկ երաժշտությունը նրա արյան մեջ է, դրա նկատմամբ մեծ սերն ու անսահման ձգողականություն է մղել բանահավաքության: Հարությունն աշխատել է բանահավաքների հետ և բանասացներից գրառել տարբեր երգեր ու պարեղանակներ:
«Մինչև էս պրոեկտը սկսելը, շատ մեծ է եղել ուսումնասիրելու շրջանը, մոտ երկու տարի եղել է ուսումնասիրություն, բանահավաքություն: Կան լիքը գործեր, որոնք ուղղակի նոտայագրված են կամ ձայնագրված դիկտոֆոնով»:

Ասում է՝ ժողովրդական բանահյուսությունից պարզել է, որ նույն երգն ունի տասնյակ կատարումներ։ Բանասացները դրանք ներկայացրել են տարբեր հնչերանգներով: Հավաքած արժեքավոր նյութերը պետք է հղկել, մշակել ու մատուցել, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ էին երաժիշտ կատարողներ: Հարությունը գտավ նրանց:
«Խմբում հավաքվել էինք 2018թ հոկտեմբերից: Ծանոթ էի Էդվարդի հետ, Աշոտի հետ, Էդվարդի միջոցով կապվեցինք մյուսների հետ, ստեղծեցինք խումբ, անունը՝ «Արմանում»»:
«Արմանումը» պատահական չի ընտրված։ Աքքադական եւ էլբայական սեպագիր արձանագրություններում է հանդիպում այս երկրի անունը։ Այն գտնվում էր հայկական լեռնաշխարհում, կամ մոտ։ Այսինքն՝ «Արմանումը» Հայաստան երկրի վաղ շրջանի տեղանուններից է։ Եվ այդ անունը կրող էթնիկ նախագիծը մտադիր է նոր կյանք հաղորդել ժողովրդական բանահյուսությանը: Հարությունը բացատրում է.
«Արմանում, քանի որ խումբը հանդես է գալու էթնիկ ծրագրով, որոշեցինք խորքային անուն մտածել, որը կբնորոշի խմբի գործունեությունը: Արմանումը շումերական արձանագրություններում հիշատակվում է, որպես առաջին հայկական պետություն: Ի դեպ, անունն առաջարկել է բասկիթառիստ Աշոտը»:
Աշոտը մասնագիտական երաժշտական կրթություն չունի, բասկիթառահարն է և նախագծի ձևավորման օրվանից Հարությունի կողքին է: Երկու կիթառահարներն էլ խմբի ամենաերիտասարդ երաժիշտներն են։ Նրանց ականջին այնքան էլ ծանոթ չէ էթնիկ երաժշտությունը։Սիրել ու լսել են այն, ինչն ակումբներում մատուցում են դիջեյները:
«Խմբին միացել եմ սկզբից: Իմ մոտիվացիան, բացի նրանից, որ խորապես եմ ուսումնասիրելու հայկական երաժշտությունը, պարզապես փորձել նոր բան և փորձել ուժերս այս ոճի մեջ»:

Բաս կիթառի հնչյուններին հաջորդում է էլեկրտոկիթառինը, Էդվարդը դեռ ուսանող է.
«Սովորում եմ Երևանի էստրադային, ջազային արվեստի քոլեջում՝ կիթառի բաժնում: Էս էթնիկ երաժշտությունն ինձ համար բացահայտում էր, որովհետև առաջին անգամ եմ նվագում էթնիկ խմբում, գործերին ծանոթ էի, փորձում ենք համատեղել ամեն ինչ»:
Հարցին՝ լեզու գտնում են իրար հետ, տարաձայնություններ չեն ունենում, Էդվարդը ծիծաղեց՝ տարաձայնություններ լինում են, 7 մարդ, 7 տարբեր անհատ, բայց փորձում ենք կոմպրոմիսի գալ, կոնֆլիկտներ դեռ չեն եղել (շարունակում է ծիծաղել):
Խմբում զուռնայի, դուդուկի, շվիի մեղեդիները զուգակցվում են շեփորի, սաքսոֆոնի, էլեկտրակիթառի, հարվածային գործիքների և դաշնամուրի հետ՝ ֆոլկլորը մատուցում ժամանակի ոգով: Վաչե Փաշինյանը փողային ժողնվագարանների վարպետ է, խմբին միացել է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլից:
«Նվագում եմ դուդուկ, զուռնա, բլուլ, բկու, ինձ հրավիրեց մեր խմբի դաշնակահար Էդգարը Խաչատրյան: Մեր երաժշտական նախասիրությունները համընկնում են: Աշխատելու ենք երաժշտության հիմքը մաքուր պահել, բայց նորովի մատուցել»:
Էդգարը դաշնակահարն է, Խաչատուրը՝ սաքսոֆոնահար , Ալբերտը՝ թմբկահար, նրանք ավելի ուշ են միացել նախագծին: Ի դեպ՝ հարվածային գործիքների կատարող Ալբերտ Հովհաննիսյանը նույնպես Հանրային ռադիոյի երաժշտական սաներից է՝ Երվանդ Երզնկյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբից:
«Կոնկրետ, երաժշտական խտրականություն ես չեմ դնում, ինձ շատ հոգեհարազատ է հայկական երաժշտությունը»:

Խումբն ունի նաեւ իր տարբերանշանը։ Հավերժության խորհրդանիշն են ընտրել՝ արեւախաչը, ասում են` այս խաչի 4 թևերը ուղիղ հիմքով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի 4 կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունն ու հավերժությունը՝ բացատրում է Հարությունը:
«Հավերժության խորհրդանիշն է, կան 20 հազար տարվա Սյունիքի ժայռապատկերներ, հայտնի հայկական սվաստիկաներ: Մեծ ինֆորմացիան քիչ չափաբաժիններով փորձել ենք տեղավորել լոգոյի մեջ»:
«Արմանումը» նաև մտադիր է գզրոցներից հանել Հայրիկ Մուրադյանի բանահավաք անհայտ գործերը։ Դրանք կներկայացնեն՝ մշակելուց հետո։




