
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Հանրապետության նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ։
Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրաիրավական խնդիրների մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»:




