

Թուրքիայում շարունակվում է բազկամարտի աշխարհի առաջնությունը, որին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ մեծաքանակ թիմով մասնակցում է նաև Հայաստանը: Մրցումային 5-րդ օրը մեր մարզիկները նվաճել են հերթական մեդալները, որոնցից մեկն ամենաբարձր հարգի է : Մեր ամենափորձառու մարզիկ Վրեժ Սեդրակյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Ստեփանյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Թուրքիայում ի նշան հայ բազկամարտիկների հաղթանակների հերթական անգամ ծածանվեց հայոց եռագույնը:
65 կգ քածային Դավիթ Ստեփանյանը մեկը մյուսից գեղեցիկ հաղթանակներ տոնելով բազկամարտում ուժեղագույններից համարվող ղազախ, ուզբեկ և ռուս մարզիկների նկատմամբ վստահ քայլերով շարժվում էր դեպի եզրափակիչ, բայց վճռորոշ մենամարտում վրացի մարզիկի հետ պայքարում վնասեց ջիլը և չկարողանալով շարունակել պայքարը՝ արժանանանալով միայն բրոնզե պարգևի:
Մեծահասկների պայքարում մեդալ նվաճած մեր մյուս մարզիկը՝ 75 կգ քաշային աշխարհի կրկնակի չեմպիոն Վրեժ Սեդրակյանը նույնպես տպավորեց իր մրցելույթներում: Ընդ որում՝ այս քաշային կարգում պայքարն անհամեմատ թեժ էր: Հայտագրվել էր ավելի քան 30 մարզիկ, որոնց մեծ մասը տիտղոսակիր բազկամարտիկներ էին:
Մեր բազմափորձ բազկամարտիկը արժանի պայքար մղեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցեց Եվրոպայի չեմպիոն Ղազախստանը ներկայացնող Մարդան Շամաևի հետ: Սեդրակյանը լավ գիտեր մրցակցին և կարողացավ կեռ բռնվածքով պայքարը հասցնել հաղթական ավարտի:
Եզրափակիչում Սեդրակյանի մրցակիցը վրացի Օմանի Բետկոն էր: Այս մարզիկների առաջին մրցավեճում վրացի բազկամարտիկը հաղթանակ էր տոնել և դուրս էր եկել եզրափակիչ, բայց արդեն ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկը կամք ու համառություն դրսևորեց և հաղթանակի նժարը թեքեց իր կողմը:
Ընդ որում ՝քանի որ վրացին առանց պարտության էր դուրս եկել եզրափակիչ Վրեժին հարկավոր էր 2 անգամ հաղթել և հայ մարզիկը ավելի քան 3 րոպե տևած պայքարում գերկամային ջանքերի գնով հասավ իր նպատակին:
Վրեժ Սեդրակյանին այս հաղթանակի համար ծափահարում էին անգամ թուրքերը։ Սա 35 ամյա մարզիկի 3-րդ ոսկին է աշխարհի առաջնություններում, իսկ հայոց օրհներգն այս առաջնությունում հնչեց արդեն 5-րդ անգամ:
«Ռադիոլուրին» տված հարցազրույցում աշխարհի արդեն եռակի չեմպիոնը նշում է, որ հպարտ է հերթական անգամ Հայաստանին հաղթանակ պարգևելու համար:
Հայ մարզիկների մրցելույթները տպավորել են նաև բազկամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ասեն Հաջիթոդորովին։ «Հայաստանը ամենաուժեղ երկրներից մեկն է այս մարզաձևում: Ձեր մարզիկները միշտ հաջող են հանդես գալիս թե աշխարհի թե Եվրոպայի առաջնություններում և այն մեդալները, որ նրանք նվաճել են Թուրքիայում դրա վառ ապացույցն է: Հայաստանը փոքր երկիր է , բայց շատ ուժեղ հավաքական ունեք: Այնպես որ ես միշտ ուրախ եմ Ձեր հաջողություններով»,- ասում է։




