

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին:
«Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախատեսված մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,-ասում է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ Շանսոնիեին նվիրված համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել էր դեռ 2017-ի ամռանը, երբ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգը: Հունիսի 1-ին Երևանի օպերային թատրոնում կայացած համերգին ներկա էր ինքը՝ Շառլ Ազնավուրը:

«Այն ժամանակ մենք որոշեցինք, որ այս համերգները պետք է շարունակական բնույթ կրեն և ամեն տարի մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք Մեծ Վարպետին: Այս տարի կրկին դիմեցինք մշակույթի նախարարություն, որտեղ սիրով համաձայնեցին աջակցել նախաձեռնությանը, որը, ցավոք, վերածվեց Ազնավուրին նվիրված հիշատակի համերգի»:
«Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրում Ազնավուրի ամենասիրված երգերն են, այդ թվում՝ հայերեն թարգմանված: Կներկայացվի Շանսոնիեի կյանքը, գործը, կենսագրության կարևորագույն դրվագները:
Հայկ Պետրոսյանի բնորոշմամբ, համերգին կմասնակցի մեկն, ով հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Իր վերադարձը երևանյան բեմ նա պատրաստվում էր իրականացնել հաջորդ տարի՝ ներկայացումներով: Սակայն հատուկ հյուրի կարգավիճակով նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Խոսքը Վարդան Պետրոսյանի մասին է:




