

2019- ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվել է 4,9 տոկոս: Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն արդեն խորհրդարանին է ներկայացվել: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է, որ այս տարի արտաբյուջետային գործառնությունները նույնպես խորհրդարանում դռնբաց են քննարկվելու: Սա հաջորդ տարվա միակ նորություն չէ: Նպաստի ու աշխատավարձի բարձրացում չի սպասվում 2019-ին, նվազագույն կենսաթոշակը, սակայն, կավելանա:
Կառավարության նիստում հաստատված 2019թ պետական բյուջեն այս կառավարության երազանքների բյուջեն չէ՝ խոստովանում է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Արդյոք մենք համարում ենք, որ մեր երազանքն այն է, որ պետք է ապրենք երկրում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է մոտ 4600 ԱՄՆ դոլա՞ր, ոչ։ Մենք բազմապատիկների հավակնություններ ունենք:
Ֆինանսների ոլորտի պատասխանատուն խոստովանում է՝ երազանքների իրականացումը համադրել են իրականության հետ: Արդյունքում՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարությունը որոշել է՝ պարտք չեն վերցնի թոշակ, նպաստ ու աշխատավարձ չեն բարձրացնի: Այդուհանդերձ, ըստ հնարավորության, 2019 թ. պետբյուջեի նախագծում 20 միլիարդ դրամով կավելանան կենսաթոշակային հատկացումները: Արդյունքում՝ 16 հազար դրամ նվազագույն կենսաթոշակի փոխարեն հունվարի 1- ից այս թոշակառուները կստանան 25,500 դրամ
«Ռադիոլուրը» հենց կենսաթոշակառուներից փորձեց տեղեկանալ՝ գո՞հ են նրանք իրենց ստացած գումարներից: Ինչպես և կանխատեսվում էր՝ գումարները բավարար չեն:
Հաջորդ տարվա բյուջեն ծրագրավորված է լինելու: Թե ինչ է դա, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է մանրամասնում։ Ի դեպ՝ նման ֆինանսավորման մասին խոսվում էր 1,5 տասնամյակ։
Հաջորդ տարի արտաքին պարտքը կկազմի 7 մլրդ 360 մլն դոլար ու, ինչպես պատասխանատուներն են խոստանում, չի ավելանա։ Այն կկայունանա ու կսկսի նվազել:




