Գառնիի 11- րդ դարի կամուրջը վերանորոգվե՞լ, թե՞ վերակառուցվել է


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Մոդեռնիզացված հուշարձանների ցանկը վերջերս համալրեց Գառնիի 11-րդ դարի կամուրջը, ինչի առիթով մեծ աղմուկ բարձրացավ: Կամուրջը վերանորոգելու նպատակով 2012-ին ԱՄՆ դեպանատունը Հայաստանի մշակույթի նախարարությանը տրամադրեց 110 հազար ԱՄՆ դոլար: Կամրջի վերականգնման ու ամրակայման աշխատանքներն իրականացնելու համար հայտարավեց մրցույթ, չորս հավակնորդներից հաղթեց «Տիգրան և Ավիկ» ընկերուությունը, որն էլ իրականացրեց հուշարձանի վերականգնման աշխատանքները:
Սակայն այն, ինչ իրականացրել է այս ընկերությունը, մասնագետները որակում են ոչ թե վերականգնում այլ վերակառուցում:
«Իրականում տեղի է ունեցել հուշարձանի խեղաթյուրում: Հուշարձանն ի սկզբանե կառուցված է եղել կոպտատաշ քարով, վերակառուցել է սրբատաշ քարով: Կամուրջը բազրիք չի ունեցել, քանի որ նախատեսված է եղել հետիոտների համար: Այժմ չգիտես ինչու բազրիք է ավելացել: Խեղաթյուրվել է նաև կամրջի անցուղու մակերեսը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ճարտարապետ Աշոտ Հակոբյանը:
Մշակույթի նախարարաության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանը «խեղաթյուրում» տերմինն այս դեպքում տեղին չի համարում: Նրա տեղեկացմաամբ՝ Գառնու կամրջի նախագիծը երեք անգամ քննարկվել է նախարարության գիտամեթոդական խորհրդում: Չորս դեմ , 11 կողմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ի վերջո հաղթել է։
Մշակույթի նախարարության ներկայացուցչի բացատրությունները չեն համոզում հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, որ լրջորեն ուսումնասիրել է կամրջին առնչվող գիտական նյութերը:
Նրա խոսքով՝ Բալասանյանի չափագրությունն ուղղակի չափագրություն է, իսկ Վարազդատ Հարությունյանի ` «սև և կարմիր սրբատաշ քարերով» արտահայտությունը վերաբերում է կամրջի կամարների, ոչ թե եզրապատերին։
Ըստ Կարապետյանի՝ հուշարձանը խեղաթյուրվել ու կամայական հավելումներ են կատարվել, քանի որ նախարարության գիտամեթոդական խորհուրդը նյութն ամբողջությամբ չի ուսումնասիրել: Սխալն ուղղել այլևս անհնար է, մնում է ցավով արձանագրել, որ հանրապետության «մոդեռնիզացված» պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը համալրվեց ևս մեկով, ասում է նա։