100 օր առաջ տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները դեռ այն վերջնական պատկերը չէ, որով կարող ենք գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ Երեկ երեկոյան նոր քաղաքական զարգացումների հայտ ներկայացվեց։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: «Ռադիոլուր»-ը այսօր փորձել է հասկանալ՝ ում միջոցով եւ ինչպես է վերադառնում Քոչարյանը:
Քաղաքական դաշտն այսօր լուռ է: Երեք տասնյակի հասնող քաղաքական գործիչներ՝ նրանց բոլորին այսօր զանգել է «Ռադիոլուր»-ը, այս կամ այն կերպ խուսափում են այսօրվա հարցադրումից: Զգուշավորության թեման՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է ակտիվ քաղաքականություն: Տապալված ասուլիսից հետո իր մտադրությունների մասին նա հայտարարեց երեկ երեկոյան՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանի քաղաքական ուժերից որեւէ մեկը դեռ չի հայտարարել Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին: Ակնհայտ է միայն, որ ներքաղաքական դաշտում տեղերը փոխվել են, մասնակիցները՝ ոչ:
Ինչ քաղաքական հենքով է վերադառնում Քոչարյանը, որը 10 տարի պաշտոնավարելու ընթացքում որեւէ կուսակցության անդամ չդարձավ: Սա տեխնիկական հարց է համարում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ամեն դեպքում՝ ներքաղաքական դաշտի ակտիվ «խաղացողները» հակված են կարծելու, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է: