

Ռուսական ռուբլին արժեզրկվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին նոր պատժամիջոցներ նշանակելու որոշումից հետո: Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՜ դա կանխատեսելի էր և Ռուսաստանի տնտեսությունը պետք է նախապատրաստական քայլեր ձեռնարկեր: Թեև Հայաստանի համար ռուսական արժույթի արժեզրկումը ցանկալի չէ, սակայն տնտեսագետները կարծում են, որ Հայաստանը պետք է նաև սրանից օգուտներ քաղի:

Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել ամերիկյան պատժամիջոցների լուրի ֆոնին։ Սա, ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, կանխատեսելի էր: Եվրոյի և դոլարի փոխարժեքների կայունացումն ուներ իր դերակատարությունը, սակայն ամերիկյան պատժամիջոցներն իմաստազուրկ կլինեին, եթե միտված չլինեին հարվածել Ռուսաստանի տնտեսությանը հատկապես ազգային արժույթի միջոցով, <<Ռադիոլուրի>> հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Իսկ սա նշանակում է ոչ միայն ապրանքների, այլ նաև սպառողների գնողունակության անկում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների վրա»:
Թեև ամերիկյան պատժամիջոցները լավ հաշվարկված են Ռուսաստանի համար և նաև բացասական ազդեցություն են ունենում գործարար կապերով Ռուսաստանի հետ փոխկապակցված այլ երկրների վրա, այնուամենայնիվ, Ռուսաստանի տնտեսությունը պետք է որոշակի նախապատրաստական քայլեր ձեռնարկեր, ասում է տնտեսագետը:
Քանի որ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ռազմավարական դաշնակից է, այլ նաև առևտրատնտեսական գործընկեր, ապա ռուբլու արժեզրկումը Հայաստանի համար ցանկալի իրավիճակ չէ, սակայն միևնույն ժամանակ այս ֆոնի վրա կարող ենք օգուտներ քաղել: Այն հումքը, որը ներկրվում է Ռուսաստանից, մեզ համար շատ ավելի էժան է, ասում է. «Ես կհորդորեի մեր կառավարությանը և գործարարներին, որ ուշադրություն դարձնեն այս հանգամանքի վրա, որովհետև առաջիկա մեկ- երկու ամիսների ընթացքում դժվար հակառակ գործընթացը կամ միտումը գրանցվի»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ հարևան երկրների փոխարժեքների գերարժեզրկման հետ համեմատ՝ Հայաստանի ազգային դրամանիշը 2014 թվականից ի վեր բավականին կայուն վարքագիծ է դրսևորում: Այն երկրները, որոնք չունեն կայուն ազգային դրամանիշ, չեն կարող կանխատեսելի լինել ոչ ներքին տնտեսության զարգացման համար, ոչ արտաքին ներդրումների:
«ԿԲ-ն իրենն անում է՝ պահպանելու ազգային արժույթի կայուն վարքագիծ, բայց ինքնին ազգային արժույթը չի կարող տնտեսության զարգացման լոկոմոտիվ լինել: Դա կարող է նպաստող գործոն լինել , իսկ դրանից պետք է անպայման օգտվեն գործարարները»:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նույնպես համամիտ է, որ ռուբլու արժեզրկման վրա ազդող առաջին գործոնը ամերիկյան պատժամիջոցների այն փաթեթն է, որը կիրառվելու է օգոստոսի 22-ից: Սա պատժամիջոցների ավելի լուրջ փուլ է, որի ազդեցության պայմաններում ռուբլին սկսել է արժեզրկվել 4-5 տոկոսով, ասում է տնտեսագետը:
«Եթե այդ սանկցիաներն ամբողջ փաթեթով ուժի մեջ մտնեն, ապա հնարավոր է նախնական գնահատումներով մինչև 15 տոկոսի արժեզրկում լինի, և դոլարի դիմաց ռուբլու փոխարժեքը հասնի մինչև 74-75 ռուբլու»:
Ռուբլու արժեզրկման ազդեցությունները կնկատվեն հայաստանյան տնտեսության վրա, քանի որ ռուսական շուկան շատ կարեւոր է Հայաստանի համար։ Ռուբլու արժեզրկումը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ Հայաստան ներկրվող ապրանքները կէժանանան։ Սակայն այդպիսի ազդեցությունները շատ մեծ չեն լինի և դրանց վրա խաղադրույք անել չի կարելի:
Իսկ հարևան երկրների ազգային արժույթների արժեզրկումները կարող են ունենալ միջնորդավորված ազդեցություն: Մասնավորապես՝ թուրքական լիրայի արժեզրկումն ու այդ երկրում գնաճի բավական մեծ մակարդակը, կարող են որոշակիորեն ազդել այն ապրանքների գների վրա, որոնք Հայաստան են ներմուծվում Թուրքիայից:
«Այո՛, որոշ գնաճային ճնշումներ կարող է առաջացնել, սակայն ընդհանուր մեր ներմուծման զամբյուղի մեջ թուրքական ապրանքների տեսակարար կշիռը շատ փոքր է, այնպես որ՝ շատ ազդեցությունները գնաճային ֆոնի առումով մեր տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենալ չի կարող: Նույնը վերաբերում է իրանական ապրանքներին»:
ԿԲ-ից խոստացան մեկնաբանել ավելի ուշ:




