Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորման որոշման դեմ բողոքն այսօր կներկայացնեն Վերաքննիչ դատարան։
Ամենայն հավանականությամբ Վերաքննիչը որոշում կկայացնի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ «Ռադիոլուրին» ասել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Այսօր հայտնի է դարձել, որ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը համալրվում է ևս մի փաստաբանով. Հայկ Ալումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է, որ պատրաստվում է պաշտպանել երկրորդ նախագահի շահերը:
Մինչև «Ռադիոլուրի» հիմական թողարկման մեկնարկը՝ 18.00-ն, հանրապետության երկրորդ նախագահի շահերը պաշտպանող փաստաբանների խումբը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պետք է ներկայացներ Վերաքննիչ դատարան։
«Ռադիոլուրի» հետ զրույցում պաշտպաններից Արամ Օրբելյանը վստահեցրեց, որ բողոքն այսօր անպայման կներկայացվի: Այն վարույթ ընդունելուց հետո Վերաքննիչը նյութեր կպահանջի նախաքննական մարմնից, դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում որոշում կկայացնի: Ամենայն հավանականությամբ որոշումը կկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ մեզ հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը սկզբին:
Պաշտպանները բողոքարկում են կալանքի որոշումը ու մինչ սպասում են Վերաքննիչի որոշմանը, թիմը համալրվում է նոր պաշտպանով: Փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է համալրել հանրապետության երկրորդ նախագահի շահերի պաշտպանությունն իրականացնող թիմի շարքերը:
«Այո, պատրաստվում եմ ներգրավվել, այս պահին սպասում եմ քննիչին, որ համապատասխան գործողություններն իրականացվեն»:
Հայկ Ալումյանը ներգրավված է եղել հանրային հնչեղություն ունեցող մի շարք գործերում. իրականացրել է Բուդաղյանների պաշտպանությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի դեմ հարուցված գործում:
Ներգրավված է եղել «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսի պաշտպանության մեջ, իրականացրել է Բանդայի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանությունը: Հիմա պատրաստվում է պաշտպանել հանրապետության երկրորդ նախագահի շահերը:
Գործը մասնագիտական առումով ինձ հետաքրքիր է ՝ մեզ հետ զրույցում իր որոշումն այսպես բացատրեց փաստաբանը:
«Հանրապետության երկրորդ նախագահը որպես վստահորդ ինձ համար շատ կարևոր է, գործը մասնագիտական առումով հետաքրքիր է: Այնքանով, որքանով հասցրել եմ ծանոթանալ գործին, այս պահին կարծում եմ, որ առնվազն կալանքի որոշումն անօրինական է»:
Ի դեպ, Ալումյանը մի առանձին բողոք էլ կալանքի որոշման դեմ Վերաքննիչ դատարան պատրաստվում է ներկայացնել իր անունից: Այն, ինչ արվել է մինչև իմ ներգրավումը, այլ մոտեցում է, իմ կողմից ներկայացվելիքը՝ այլ. ասում է պաշտպանը, իսկ հարցին, թե ինչ է կարծում, հեշտ պաշտպանություն է սպասվում, այսպես է արձագանքում:
«Այս կարգի գործերում, այսչափ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ, այսչափ հանրային հնրեղություն ունեցող գործերում պաշտպանություն իրականեցնելը երբեք հեշտ չի եղել, ավելին՝ ամենաակնհայտը ապացուցելը լինում է դժվար: Եթե կան այս աստիճանի լուրջ մեղադրանքներ, չեմ ասում հիմանվոր, ասում եմ լուրջ, եթե գործով զբաղվում է ՀՔԾ-ն, եթե արդեն կալանքի որոշում կա, պաշտպանությունը չի կարող հեշտ լինել»:
Նախաքննական մարմինն առաջին անգամ է մեղադրանք առաջադրում երկրի ղեկավարին, դատարանն առաջին անգամ նախկին նախագահի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացնում և առաջին ագմամ էլ պետք է գործ քննի, որով մեղադրյալը երկրի առաջին դեմքն է:
Աննխադեպության շրջանակներն այսքանով չեն սահմանափակվում: Առաջին անգամ է կիրառվում նաև Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ՝ սահամանադրական կարգի տապալում: Սովորաբար այս մեղադրանքն ընկալվել է ընդդիմության գործողությունների կոնտեքստում:
Այժմ գործի է դրվում նոր բովանդակությամբ ու առաջացնում հարց՝ ինչպե՞ս իշխանության ղեկին գտնվելով՝ կարելի է սահմանադրական կարգ տապալել: Այս հարցում միանշանակ վստահություն ունի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:
Քոչարյանին պաշտպանող թիմը լուրջ անհամաձայնություն ունի հենց առաջադրված մեղադրանքի հարցում: Զավեշտն այն է, որ մեզ համար պարզ չէ, թե ինչի մեջ է մեղադրվում Քոչարյանը՝ հայտնի ասուլիսում ասել էր պաշտպաններից Արամ Օրբելյանը: