
Թեժ քննարկում է այսօր Երևանում ծավալվել «Հայաստան և Ռուսաստան. Իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի ժամանակ:
Ռուսաստանցի փորձագետը շեշտում են, որ Հայաստանում Մոսկվային հիշում են, երբ անվտանգության հարցեր են առաջանում, մինչդեռ հայաստանցիների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ Ռուսաստանի նկատմամբ անվստահություն կա մեր երկրում:
Անվտանգություն ապահովվո՞ղ, թե՞ բացասական ընկալումներ առաջացնող: Ինչպե՞ս են Հայաստանում ընկալում Ռուսաստանը: ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով՝ մեր երկրում Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալվում են տագնապներ, ռիսկեր ու սպառնալիքներ կանխելու տեսանկյունից: Կա անվստահություն՝ շեշտում է.
«Երբ մարդկանց հարցնում ես, պե՞տք են արդյոք հայ—ռուսական հարաբերությունները, ասում են՝ այո: Երբ հարցնում ես՝ ինչո՞ւ, մարդիկ սկսում են թվարկել, որ գազը չթանկանա, որ մեր ապրանքներն առանց խնդիրների մուտք գործեն ռուսական շուկա եւ որ, վերջապես, չկորցնենք Ղարաբաղը: Այսինքն սպառնալիքները չեզոքացնելու համար է պետք»:
Նոր իրողության պայմաններում, ըստ Արթուր Ղազինյանի, Ռուսաստանի գործոնն ի հայտ եկավ մի քանի օր առաջ, երբ ռազմական անակնկալ վարժանքները խուճապ առաջացրեցին Փանիկ գյուղում։ Դա ազդանշան է, ցույց է տալիս Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ ասաց
«Ռուսաստանում պետք է հասկանան, որ ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը Հայաստանի համար օրվա հրամայական է»:
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն ի պատասխան նախ նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները հիշվում են կամ ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակներում, որպես անվտանգության երաշխավոր, կամ էլ կենացների, հավատարմության խոստումների մակարդակով: Դրանից է, որ հարաբերությունների մասին միֆեր են առաջանում, լինում է անհասկացողություն:
Իսկ Հայաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման մասին հնչած կարծիքին ռուսաստանցի փորձագետ Մարկեդոնովը կոշտ արձագանքեց.
«ՆԱՏՕ- ական այլընտրանքը Հայաստանի համար փակված է: Այս թեման քաղաքականապես հրատապ չէ, բայց հնարավոր է սպեկուլյացիայի նպատակով։ Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-անդամ է, և ոչ շարքային անդամ, այլև երկիր, որը ռազմական պոտենցիալով երկրորդն է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո։ Այդ երկիրը ոչ միայն վատ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, այլև պաշտպանում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում: Ի դեպ, Ադրբեջանն Արեւմուտքի համար դիտարկվում է որպես էներգետիկ այլընտրանք, ուստի սխալ է սպասել, որ ԼՂ հակամարտության հարցում Եվրոպան կլինի Հայաստանի կողմում»:
Եվ այստեղ է, որ առաջին պլան է մղվում Ռուսաստանի դերի կարևորությունը, դա ոչ թե սիրո դրսևորում է, այլ հետաքրքրությունների, ավելացրեց Մարկեդոնովը:
Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի պատասախնը չուշացավ.
«ԵԱՏՄ-ը քաղաքական միություն է: Եվ ինչպես ցանկացած միություն ողջ աշխարհում ինչպես համագործակցության, այնպես էլ հակասությունների տարածք է: ՆԱՏՕ-ի անդամ են ինչպես Հունաստանը, այնպես էլ Թուրքիան: ԵՄ անդամ են ինչպես Հունգարիան, այնպես էլ Գերմանիան: Նույնը և ԵԱՏՄ-ում»:
Նա մատնացույց արեց Պուտինի և Նազարբաևի հարաբերությունները: ՌԴ ու Բելառուսի հարաբերությունները: Կան խնդիրներ և կարևոր է, որ լինեն հարթակներ այդ հակասությունները քննարկելու համար՝ ասաց:





