Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի առջև. Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները շարունակում են պահանջել իրենց բնակարանները
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարության շենքի առջև այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները, որոնց բնակարանները գերակա հանրային շահ են ճանաչվել ու քանդվել: «3,5 տարի ժամանակով պայմանագիր ենք կնքել Գլենդել Հիլզ ընկերության հետ և նշված ժամկետում պետք է ստանայինք մեր բնակարանները: Սակայն անցել է 5 տարի և մենք դեռ դրսում ենք»,-մեր թղթակից Հասմիկ Դիլանյանին պատմել են բնակիչները: Ակցիայի մասնակիցներին հանդիպել է կառավարության աշխատակազմի նամակների ու քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և նշել, որ վարչապետի հանձնարարականով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը 15-օրյա ժամկետում գրավոր կերպով կներկայացնի ուսումնասիրության արդյունքները: Ալեքսանդր Ղազարյանն ասել է, որ իր անձնական կարծիքով՝ խնդիրը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունի: Որպես օբյեկտիվ պատճառ նա նշել է 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներն իրենց չբավարարեն, վրաններ կտեղադրեն կառավարության և Երևանի քաղաքապետարանի շենքերի առջև՝ շարունակելով բնակվել վրաններում:
Բողոքի ակցիային զուգահեռ ընթացել է կառավարության հերթական նիստի աշխատանքը:
Կառավարությունը հաստատել է մի նախագիծ, որով ուսումնական վարկեր են տրամադրվելու հանրապետության ԲՈՒՀ-երի ուսանողներին: Յուրքանչյուր ուսանողի ուսումնական 4 տարիների ընթացքում նախատեսվում է տրամադրել մինչև 1 մլն 800 հազար դրամ վարկ՝ տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, որից 2-3 տոկոսը սուբսիդավորելու է կառավարությունը: Վարկային ծրագիրն իրականացվելու է բնակարան երիտասարդներին դրմավարկային ունիվերսալ կազմակերպության միջոցով:
Վարկը տրամադրվելու է մինչև 10 տարի մարման ժամկետով, առաջին 4 տարվա ընթացքում մարվելու են միայն տոկոսադրույքները: Յուրաքանչյուր ուսանողի մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տարվա համար կտրամադրվի շուրջ 450 հազար դրամ: Հիշեցնենք՝ ուսումնականա վարկերի մատչելիության ծրագիրը նախագահի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից էր:
Ի դեպ, այս ծրագրի հետ կապված կառավարության մամուլի սրահում ասուլիս կտա և լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի Ֆինանասների նախարար Վաչե Գաբրիելյանը: