

Արցախում ծեծկռտուքի միջադեպից սկիզբ առած դժգոհության ալիքը ու հետագա զարգացումները քննարկումների առանցքում են, ոմանք գրագետ են համարում իշխանուոյւնների պահվածքը, ոմանք կողմնակից են հարցի այլ տարբերակով լուծմանը:
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, որևէ կապ չունի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, համոզված է Գառնիկ Իսագուլյանը, ով նաև չի բացառում, որ որոշ մարդիկ փորձեցին Արցախում տեղի ունեցած միջադեպն օգտագործել, առիթից օգտվել ու դժգոհության ալիք բարձրացնել այնտեղ:


Նա իշխանությունների արձագանքի մասին խոսելով՝ վստահեցրեց, որ եթե ինքը լինել նախագահ Բակո Սահակյանի կամ իշխանության ներկայացուցիչների փոխարեն, պատկերը բոլորովին այլ կլիներ:
«Եթե ես լինեի Բակոյի տեղը 5 վայրկյան չէր տևի դժգոհության ակցիան»:
Իսկ չկա՞ դժգոհության որևէ առիթ Արցախում, անհի՞մն էին դժգոհությունները՝ հարց Գառնիկ Իսագուլյանին.
«Աշխարհում չկա մի երկիր, որ դժգոհություն չլինի»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մինչդեռ վստահեցնում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ազդեցություն է ունենում ոչ միայն Արցախում, այլև Վրաստանում:
«ԼՂՀ—ում առկա էին այն խնդիրները, որոնք կային Հայաստանում՝ սոցիալ— հոգեբանական բնույթի, այն, որ նախագահը պաշտոնավարում է շատ երկար»:
Ի տարբերություն Իսագուլյանի՝ Իսկանդարյանը գրագետ է համարում իշխանությունների պահվածքը, նրանք գնացին զիջումներին և ուժայինների ղեկավարներն ու պետնախարարը հրաժարվեցին իրենց պաշտոններից:
Ղարաբաղյան խնդրում ևս նրանց կարծիքները էապես տարբերվում են, եթե քաղաքագետը անհասկանալի է համարում Արցախին բանակցություններում ներգրավելու ընթացակարգը, ապա Իսագուլյանը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան խնդրում:




