
Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում։
«Նվիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր ավանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտմանը՝ հանուն աշխարհում խաղաղության և ժողովուրդների ազատ ու առաջադեմ կյանքի։ Հայրենանվեր նույն ոգով մեր ժողովուրդն ազատագրեց Շուշին՝ հաղթական նոր էջ հավելելով ազգային մեր պատմության մեջ։ Այսօր մենք հանդիսավորապես նշում ենք նաև Պաշտպանության բանակի օրը, որն աննկուն ու քաջաբար պահպանում է Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։
Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց:




