Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործով կասկածյալները խոստովանական ցուցմունք են գրել


Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործով ձերբակալվել է Մեծ թատրոնի առաջատար մենակատար Պավել Դմիտրիչենկոն: Քննությունն ապացույցներ ունի, որ հենց նա է հարձակման պատվիրատուն: Ըստ ՌԴ ՆԳՆ-ի մամուլի կենտրոնի ներկայացուցչի` գեղարվեստական ղեկավարի վրա հարձակման գործը կարելի է բացահայտված համարել: Մարտի 5-ի երեկոյան հաղորդվել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է հարձակման ենթադրյալ կատարողին` նախկինում դատված Յուրի Զարուցկիին: Դրանից անմիջապես հետո հաղորդվել էր ենթադրյալ կատարողին հանցագործության վայր տեղ հասցրած վարորդ Անդրեյ Լիպատովի ձերբակալման մասին:«Ինտերֆաքսը» հայտնում է, որ բոլոր երեք կասկածյալներն էլ` պատվիրատու Պավել Դմիտրիչենկոն, կատարող Յուրի Զարուցկին եւ վարորդ Անդրեյ Լիպատովը, խոստովանական ցուցմունք են գրել:
«Նովիե իզվեստիան» գրում է, որ Դմիտրիչենկոն Մեծ թատրոնի բեմում պարում է արդեն 10 տարի: Մեծ թատրոնի մամուլի քարտուղար Եկատերինա Նովիկովան հայտնել է, որ Մեծ թատրոնում տեղյակ չեն եղել Ֆիլինի եւ Դմիտրիչենկոյի տարաձայնությունների մասին: Նովիկովան նաեւ նշել է, որ Մեծ թատրոնի բալետի առաջատար պարող Պավել Դմիտրիչենկոյի ձերբակալությունը ոչ մի կերպ չի ազդի թատրոնի ընթացիկ խաղացանկի վրա, քանի որ Մեծ թատրոնը միշտ էլ մի քանի կազմեր ունի: Հիշեցնենք, որ Մեծ թատրոնի բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին` ուշ երեկոյան: Չարագործը նրա դեմքին ծծմբաթթու էր լցրել:
Նեկայումս Ֆիլինը բուժվում է Գերմանիայում: Նա աչքերի եւ դեմքի տասնյակ վիրահատությունների է ենթարկվել: