Մշակույթ

Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում


Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն  այս օրերին ցուցադրվում է Տիկնիկների պատկերասրահում(Թումանյան 11):

Զարգարյանի հավաքածուի առաջին  հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, վերջինի հեղինակը՝ դեռ հայտնի չէ:

«Շուրջ տասը  հավկիթ  ունեմ նկարիչների մոտ, որոնք դեռ ետ չեմ ստացել նկարազարդված վիճակում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է  93-ամյա կոլեկցիոներն ու պատմել, թե ինչպես  «ծնվեց»  նախադեպը չունեցող այս հավաքածուի գաղափարը  հեռավոր 1963 թվականին:

 

Դաշնակահար, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ  93-ամյա Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուում արդեն 1090 ձու կա: Փայտե, ապակե, պողպատե, այլ նյութերից պատրաստված  հավկիթների վրա գեղագիտական իր «հետքն» է  թողել շուրջ 950 արվեստագետ՝  աշխարհի 45 երկրից:  Երաժիշտը նկարազարդ հավկիթների  իր հավաքածուն համարում է պատահականության արդյունք:

«Սուրբ Զատկի օրը շքամուտքում հանդիպեցի հարևանիս տղային, որը  ձեռքի նկարազարդ ձուն մեկնեց ինձ ու ասաց. «Յաշա  քեռի, եկե՛ք «կռվենք»: Ձվի վրա նկարել էր մի քանի պատկեր, բայց չէր սպասել, որ չորանա: Այդ գույների խառնուրդից այնպիսի գեղացիկ ու հետաքրքիր պատկեր էր ստացվել, որ ես  խնդրեցի նրան ինձ տալ այդ ձուն: Մերժեց՝ ասելով.«Չէ՛, սա 10 հատ ձու է ջարդել»:

«Ամիսներ անցան, այդ դեպքի մասին արդեն մոռացել էի: Մի օր էլ որդիս եկավ, թե՝ բոլորը հոլ ունեն, իսկ ես՝ ոչ: Խանութում հոլ չէին վաճառում, ստիպված էի գնալ փայտագործի մոտ: Վերջինի արհեստանոցում էլ պատահաբար փայտե ձվեր տեսա, պատվիրեցի մի քասնիսը»,-պատմում է զրուցակիցս:

Նույն օրը՝ արհեստանոցից վերադառնալիս, Յակով Զարգարյանն այցելում է Սարյաններին: Փայտե հավկիթներից մեկը հանձնում է Վարպետին ու խնդրում նկարել: «Մեկ շաբաթ անց հանդիպեցի թոռնիկին՝ Կատյային, ասաց, որ Սարյանը սկսել է նկարել, բայց դժգոհում է, ասում է, որ  փոքր հավկիթի վրա նկարելը բարդ է, վատ է տեսնում: Դե, արդեն 80-ն  անց էր»:

Սարյանի՝  Հայաստանը պատկերող առաջին հավկիթի կողքին Զարգարյանի հավաքածուում այսօր  Մինասի, Կոջոյանի, Ջոտտոյի, Ռոբերտ Էլիբեկյանի,  հայտնի բազմաթիվ այլ նկարիչների ու ոչ նկարիչների  աշխատանքներն  են:Այստեղ են քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, Արա Շիրազի , դերասան Վարդան Պետրոսյանի, արտասահմացի բազմաթիվ արվեստագետների  նկարազարդած հավկիթները: Սերգեյ Փարաջանովից հավաքածուում հավկիթ չկա, բայց կա նրան առնչվող հետաքրքիր պատմություն.

«Հենրիկ Իգիթյանի հետ մեկնեցինք Թբիլիսի: Երեք օր մնացինք Փարաջանովի տանը: Այնքան տարված էի նրանով, որ մոռացա փոխանցել հավկիթը, որի վրա պետք է նկարեր Փարաջանովը»:

Զարգարյանի հավաքածուի  «ռեկորդակիրը» Հովհաննես Զարդարյանի աշխատանքն է:

«Պատահել է, որ հավկիթը տվել եմ ու սպասել 10 տարի, 20 տարի: «Ռեկորդը» սահմանել է Զարդարյանի աշխատանքը, որը ձեռք եմ բերել 46 տարի անց: Փայտե  ձուն տվել եմ 63 թվականին, ետ ստացել «նոր դարում»: 68 թվականին նա ինձ ցույց տվեց դեռևս անավարտ աշխատանքը, հետո  մահացավ և այդպես էլ չհասցրեց այն ավարտին հասցնել: Տասնամյակներ անց հանդիպեցի կնոջը, որն էլ  ինձ փոխանցեց ամուսնու  անավարտ մնացած աշխատանքը»:

Զրույցի  ավարտին Յակով Զարգարյանը խոսեց  իր «թաքուն» երազանքի մասին.


«Երազում եմ, որ Երևանում բացվի Ինքնատիպ հավաքածուների թանգարան: Այնտեղ կարող են ներկայացվել և՛ իմ, և՛ Ռուբեն Անգալադյանի եզակի ափսեների,  և՛ Էդուրադ Ղազարյանի մանրաքանդակների, և՛ ուրիշների  հավաքածուները»:

Տիկնիկների պատկերասրահի տնօրենության նախաձեռնությամբ Սուրբ Զատկի նախօրեին բացվեց Զարգարյանի հավաքածուից ընտրված  շուրջ 200 նկարազարդ հավկիթների ժամանակավոր ցուցադրությունը: Հավաքածուն ժամանակ առ ժամանակ ցուցադրվել է տարբեր թանգարաններում:

Կարդացեք նաև

Back to top button