Հասարակություն

Կիբեռանվատանգության փորձագետների նախազգուշացումը. մայներները ձեր սարքից հոսանք են գողանում

Համակարգչային անվտանգության փորձագետները հայ օգտատերերին զգուշացնում են նոր ռիսկերի մասին:

Աշխարհում գնալով ավելի լայն տարածում գտնող կրիպտոարժույթի արտադրությունը սկսել է իրականացվել մեր համակարգիչների ու բջջային հեռախոսների մարտկոցների ու մեր իսկ հոսանքի հաշվին:

Ինչպես հասկանալ՝ դարձե՞լ են մեր սարքերը նման խարդախության գործիք, թե ոչ, ինչպե՞ս է արտահայտվում մեր սարքի վարակվածությունը. «Ռադիոլուրն» է փոխանցում մասնագետների զգուշացումներն ու խորհուրդները:

Եթե սմարթֆոնը սկսել է անհասկանալիորեն արագ տաքանալ, մարտկոցը՝ արագ լիցքաթափվել, հնարավոր է՝ կասկածելի հավելված եք ներբեռնել: Համակարգչային անվտանգության փորձագետները նոր ռիսկերի մասին են ահազանգում՝ կրիպտոարժույթ՝ էլեկտրոնային գումար արտադրելու համար անհրաժեշտ հոսանքի հսկայական ծախսը մայներները փորձում են ծածկել շարքային օգտատերերի սարքերով:

Նրանք կարողանում են մուտք գործել մեր սմարթֆոն, պլանշետ, համակարգիչ ու դրանց մարտկոցների հզորությունն օգտագործում կրիպտոարժույթ արտադրելու համար՝ բացատրում է կիբեռանվատանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն ու խոսում դրա հետեւանքներից:

«Մարտկոցների կյանքի ժամկետն է կարճանում՝ արագ սպառվելով ու մաշվելով, սարքի հզորությունները պակաս հասանելի են լինում օգտագործողին, ու սարքն ավելի շուտ է շարքից դուրս գալիս»:

Հաքերները մեր սարքերին հասանելիություն ստանում են տարբեր՝  այդ թվում օրինական ու հայտնի հավելվածների միջոցով, որոնց մեջ թաքնված գործառույթ են տեղադրում: Այդ հավելվածների մի մասը տարածվել է Google Play-ի միջոցով, և ամենատարածվածն արդեն ներբեռնվել է ավելի քան 100 հազար անգամ՝ զգուշացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ն: Ամենառիսկայիններից են ֆուտբոլ դիտելու և VPN-միացումներ տեղադրելու մի քանի հավելվածներ: Պոտենցիալ վտանգավոր ծրագրերը կատարելագործվում են օրեցօր ու երկրների սահմաններ չեն ճանաչում: Զրուցակցիս խորհուրդը՝ չսպասել մայներների անցանկալի քայլերին, այլ պատրաստ լինել դրանց: Կիբեռանվատանգության փորձագետ Արմեն Կարապետյան:

«Սմարտֆոնների, պլանշետների վրա էլ անպայման պետք է լինի հատուկ վիրուսային պաշտպանություն՝ նախատեսված հենց այդ սարքերի համար: Մեզ մոտ չգիտես ինչու այդ մշակույթը դեռ չկա: Սա հատկապես կարեւոր է անդրոիդ-համակարգերի համար, որոնք առավել անպաշտպան են»:

Հակավիրուսային վերջին ծրագրերն ունեն հատուկ պաշտպանություն, որոնք համակարգիչը պաշտպանում են հենց դրանով ապօրինաբար կրիպտոարժույթ արտադրելու ոտնձգություններից՝ «Ռադիոլուրին» ասում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգոր Սաղյանը: Հենց սա է խնդրի ելքն ու կանխարգելումը՝ տեղադրել այդպիսի հակավիրուսային ծրագրեր՝ ասում է մասնագետը:

«Դրանից տուժելը ձեր էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսն է: Բնականաբար, եթե սարքն ավելի շատ գործողություն է կատարում, ավելի շատ է հոսանք ծախսում»:

Պահպանել թվային հիգիենա՝ մասնագետների հորդորն է, անպայման հասկանալ՝ ինչ եք ներբեռնում ու որտեղից, ինչ իրավունքներ եք տալիս հավելված արտադրողին՝ կարո՞ղ է օգտվել տեսախցիկից, ֆայլերին հասանելիություն ունի՞, թե՞ ոչ: Երբեմն մենք մեր սարքի բոլոր իրավունքները տալիս ենք ինչ-որ անհայտ արտադրողի, ինչպես վերջերս հայտնի դարձած get-contact հավելվածն էր: Այլապես սարքը կարող է վարակվել, ու դուք որեւէ նշան չունենաք ու անգամ չիմանաք այդ մասին՝ անկախ ձեզանից դառնալով այլոց ֆինանսական հովանավորը:

Կարդացեք նաև

Back to top button