

Վարորդների իրավունքների պաշտպան «Իմ իրավապաշտպանը» ՀԿ բարձրաձայնում է, իր ձևակերպմամբ, կարմիր գծանշումների վերաբերյալ ճանապարհային ոստիկանության իրավախախտումները:
Ճանապարհային ոստիկանությունից, սակայն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հերքում են բարձրացրած խախտումների առկայությունը և հորդորում ավելի կոնկրետացնել հարցը: Ի՞նչ խախտումներ են բարձրաձայնվում:
500-ից ավել բողոք, որից 400-ը կարմիր գծանշումների վերաբերյալ.«Իմ իրավապաշտպանը» ՀԿ տվյալներն են: Կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիներից օգտվելու համար քաղաքապետարանը վարորդներից տարեկան գանձում է 12 հազար դրամ, սակայն ճանապարհային ոստիկանությունը որոշ վճարովի ավտոկայանատեղիներում տեղադրում է կայանելն արգելված է նշան, ասում է հասարակական կազմակերպության նախագահ Քրիստ Հովսեփյանը:
«Հիմա ինչ անի վարորդը, կայանի, թե ոչ: Քանի որ ճանապարհային ոստիկանությունն է տուգանում»:
Վարորդ Էդգար Բաղդասարյանը նման խախտումով է դիմել վարորդների շահերի պաշտպան կազմակերպությանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վարորդը նշեց, որ այս տարի չի վճարել 12 հազար դրամն ու հրաժարվել է վճարովի ավտոկայանատեղիներից:
«Վճարել էի 12 հազարը: Կայանել էի կարմիր գծերի վրա: Քոչար կամ Գյուլբենկյան կամ մի փողոց վերև էր: Ակտը եկել էր, որ ես կայանել եմ չթույլատրվող վայրում»:
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ կարմիր գծանշումը լավ չի երևացել և օպերատորն արձանագրել է խախտում: Սակայն այդ տուգանքներով դատարան դիմած գործերը բեկանվել են, իսկ հետո քաղաքապետարանը թարմացրել է այդ գծանշումները:
«Հնարավոր չէ, որ ինքը կարմիրի վրա կանգնի ու այդ կարմիրը տեսանելի լինի և որևէ մեկը իրեն տուգանի»:
Ավելին, ճանապարահային ոստիկանապետի տեղակալը հորդորեց մատնանշել այն փողոցները, որտեղ առկա է խախտումը և ոստիկանությունը պատրաստ է միանգամից վերացնել խնդիրը: Այս պահին, Արմեն Խաչատրյանի պնդմամբ, խախտում չկա: Սակայն հասարակական կազմակերպության նախագահը տալիս է փողոցների անունները:
«Կա Հրաչյա Ներսիսյան փողոցում»:
Հասարակական կազմակերպությունը կարմիր գծերը վերանայելու հարցով բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն մինչև այժմ պատասխան չի ստացել:




