

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում:
Մտահոգիչ տվյալները հրապարակվել են Հայաստանի քննչական կոմիտեում այսօր անցկացված «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Կոնֆերանսում քննարկվել են երեխաների պաշտպանության, ինչպես նաեւ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների եւ անչափահասների կողմից կատարվող հանձագործությունների կանխմանն ու այդ գործերի քննությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է ՌԴ քննչական կոմիտեի հետ համատեղ: Կոնֆերանսին աջակցություն է հայտնել նաեւ Եվրոպայի դատախազների միջազգային ասոցիացիան: Այդ մասին ողջույնի իր խոսքում շեշտեց ասոցիացիայի փոխտնօրեն Ալեքսանդր Զվյագենցեւը: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատեց, որ թեման արդիական է հատկապես գլոբալացման պայմաններում.
«Այս ժամանակահատվածում անչափահասները դարձել են առավել խոցելի: Մեր խնդիրն է, որ կարողանանք այդ խոցելիությունը վերացնել, կամ՝ հասցնել նվազագույնի»:
Խնդրով զբաղվող հայ եւ ռուս քննիչները, ներկայացնելով մի շարք վիճակագրական տվյալներ, շեշտեցին, որ դրանք շարունակում են մտահոգիչ մնալ: Թեպետ, ինչպես նշեց ՌԴ քննչական կոմիտեի դատավարական վերահսկողության վարչության ղեկավար Եվգենյա Մինաեւը՝ ՌԴ-ում 2015 թվականի համեմատ 2017-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նվազել են:
«2017 թվականին մեր քննիչները անչափահասների հետ կապված ավելի քան 19 հազար քրեական գործ են քննել: 2015 թվականին դրանց թիվը 4 անգամ ավելի էր»:
Եվգենյա Մինաեւի խոսքով՝ նման ցուցանիշը համակարգի բոլոր մարմինների արդյունավետ փոխգործակցության արդյունք է՝ բնականաբար քննչական կոմիտեն նույնպես չի կարող անմասն մնալ այդ աշխատանքներից:
Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ մեր երկրում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվել են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ: 2015-2017 թթ ընթացքում Հայաստանում կատարված հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ: 2017 թ. Ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ: Անդրադառնալով այս մտահոգիչ տվյալներին՝ Աղվան Հովսեփյանը կարեւորեց կոնֆերանսի գործնական նշանակությունը.
«Իսկ երբ արդեն փաստերը տեղի են ունեցել, պետք է կարողանանք հասկանալ, քննարկել, փորձի փոխանակումներ իրականացնել, որը հնարավորություն կտա գործնականում առավել կատարելագործել մեր աշխատանքը՝ ուղղված անչափահասների կողմից կատարված հանցագործություններին կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների քննության մեթոդիկային»:
Կոնֆերանսի մասնակիցները փաստեցին, որ երեխաների պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին մարմինների ու կազմակերպությունների համակարգային եւ պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաեւ նրանց միջեւ փոխշահավետ համագործակցությունից, ինչը ակնկալվում է նաեւ ապագայում:




