

Գերմանիա, Շվեդիա, Ավստրիա, Ֆրանսիա. սրանք եվրոպական այն երկրներն են, ուր օրինական եւ անօրինական տարբեր եղանակներով փորձում են հաստատվել մեր հայրենակիցները:
Ինչո՞ւ են ամեն գնով մեկնում երկրից՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Ֆրանսիայում բնակվող հայերը նշել են, որ Ֆրանսիայում ապրելը հարմարավետ է, բարեկեցիկ, հեռանկարային՝ երեխաների ապագայի համար:
Ու այս տարի կիրառվող միգրացիոն քաղաքականության խստացումների պարագայում անգամ հայերը պատրաստ են հաղթահարել տարբեր դատական քաշքշուկներ, նյարդեր, միայն թե մնան Ֆրանսիայում, իսկ մերժման դեպքում իրենց իսկ խոսքով «փոլիսից թաքնվելով» ապրել, բայց Հայաստան չվերադառնալ:
Ինչո՞ւ մնալ եւ ինչո՞ւ չվերադառնալ՝ մանրամասները ռեպորտաժում:
Ֆրանսիայում բնակվող Ալինայի 4 հոգանոց ընտանիքը Եվրոպայում է արդեն 11 տարի: Ամուսնացել է եւ մեկնել Ֆրանսիա։ Երեխաները ծնվել են այնտեղ, հաճախում են արդեն դպրոց, մանկապարտեզ, վարժ հաղորդակցվում են ֆրանսերենով, նույնքան էլ արագ ֆրանսիական հասարակությանը ինտեգրվում: Ալինան այսօր արդեն բնակության կացության կարգավիճակ ունի, որը հեշտ չի տրվել՝ երկար ու դժվար փորձությունների արդյունք է՝ ասում է ու նշում, որ չնայած անպատմելի դժվարություններին՝ Հայաստանից հոսքը չի դադարում՝ գալիս ու գալիս են, շատերին էլ արտաքսում:
Հաջորդ զրուցակիցս՝ տիկին Անժելան, նույնպես Ֆրանսիայում է բնակվում, արդեն 7 տարի: Ի դեպ, զրուցակիցներիս հստակ վայրը չեմ նշում տարբեր պատճառներից ելնելով: Նա այն հայերից մեկն է, ում ամուսնու հետ միասին երկրի միգրացիոն կենտրոնը տվել է մեկ ամիս ժամանակ Ֆրանսիան լքելու համար: Տիկին Անժելայի հետ զրույցից պարզ է դառնում, որ ֆրանսիացիները հասկացել են, որ շատ արտագաղթողներ առողջապահական խնդիրներն օգտագործելով փորձում են հաստատվել երկրում եւ բեռ դառնում պետության համար:
Ըստ բանախոսներիս՝ Ֆրանսիան եվրոպական այն եզակի երկրներից է, որը, այսպես ասած, գայթակղիչ պայմաններ է առաջարկում արտագաղթողներին: Ինչո՞վ է գայթակղիչ: Անվճար կացարան, հոգսերը հոգալու համար ամսական շուրջ 300 եվրո, առողջապահական ծառայություն, ուտելիք, երեխաների դեպքում՝ այլ ծախսերի հոգածություն։ Սակայն այս ամենը տեւում է 6- ամսից մեկ տարի, որից հետո սկսվում են դատական քաշքշուկերը՝ ապացուցելու եւ հիմնավորելու կացության համար դիմածի տվյալների իսկությունը, ապա սպասում. կստանա՞ս կարգավիճակ, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ առաջին հայացքից անհոգ, բայց իրականում դաժան կյանք:
Ի՞նչ են անում հայ միգրանտները երբ ստանում են մերժում։ Զրուցակիցներս պատմում են, որ դիմում են ամեն հնարքի, միայն թե օդանավակայան չհասնեն: Փոխում են երկիրը, հայտնվում մեկ էլ իրականության մեջ, ու կրկին մաքուր էջից սկսում՝ այսպես ասած «թուղթ հավաքել»։
Կիպրոսի մարդու իրավունքների, քաղաքականության ու հումանիտար խնդիրների միջազգային ասոցիացիայի նախագահ Սեմյոն Պողոսյանը «Ռադիոլուր»-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում ցավով նշեց, որ միգրացիայի խնդիրը աշխարհում հրատապ լուծում պահանջող մարտահրավեր է, ու որի բացասական հետեւանքներն այսօր իրենց մաշկի վրա ամեն օր զգում են նաեւ հայ արտագաղթողները:
«Անօրինակ ներգաղթը, կացությունը եւ դրանից բխող հետեւանքները ինքնին պատճառ են, որ ունենք այս պատկերը: Փաստաթղթերի եւ օրինական կեցության հետ կապված, ավելի ճիշտ դրանց բացակայությունից բխող խնդիրները բազմաթիվ են: Կառանձնացնեմ՝ իրավունքի բացակայությունը, սոցիալական եւ առողջապահական անապահովությունը, ազատ տեղաշարժի սահմանափակումը: Իսկ օրինական ճանապարհով տեղափոխված մեր հայրենակիցների դժվարությունները հիմնականում հումանիտար եւ կրթական բնույթի են, կապված օրինակ՝ մայրենի լեզվով ուսուցման, դպրոցների, հայկական մշակութային օջախների անբավարար քանակության կամ բացակայության հետ, որը բացասական է անդրադառնում նոր սերնդի ազգային ինքնության, ավանդական եւ մշակութային արժեքների պահպանման գիտակցության վրա»:
Ըստ Սեմյոն Պողոսյանի, կոնկրետ Կիպրոսի պարագայում համայնքը ներդնում է բոլոր հնարավոր միջոցները խնդիրներ կամ կարիքներ ունեցող հայերին օժանդակելու համար, բայց շատ անգամ հոգեպես եւ սոցիալապես ճնշված իրավիճակում գտնվող մեր հայրենակիցներն իրենք են խուսափում եկեղեցիներ, ակումբներ այցելելուց։ Այսինքն՝ ոչ միայն չեն մասնակցում ներհամայնքային կյանքին, այլեւ կասկածի տակ են դնում ինտեգրման գործընթացը:
Այժմ անդրադառնանք, թե ինչով են զբաղվում անօրինական եւ օրինական արտագաղթողները: Զրուցակիցներս գրեթե նշում են նույնը. սեւ շուկան՝ էժան աշխատույժ է տրամադրում, իսկ օրինական շուկան՝ տարբեր պատճառներով՝ անհասանելի:
Ֆրանսիայում միգրանտի միջին աշխատավարձը 1500 եվրո է կազմում, որը, ըստ բանախոսների, բավարարում է ընտանիքի հոգսերը հոգալու համար: Իսկ պարզ հարցին՝ ինչի դիմաց ինչ ե՞ք ստանում, Ֆրանսիայում հայտնված իմ զրուցակից Ալինան ցավով է պատասխանում է՝ կորուստները համարժեք չեն տրվածին, բայց ընտրությունը կատարված է:




