Տնտեսական

Ակնալճում մշակվում է հողերի 31 տոկոսը

Արմավիրի մարզում այս  տարի ոռոգման շրջանն ավելի շուտ կբացվի: Համայնքներում արդեն սկսել են ոռոգման համակարգերի մաքրման աշխատանքները:

Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոռոգման գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերում ըստ մշակաբույսերի սահմանված է նույն  ջրի վարձը, բացի  Ակնալճից և Արշալույս գյուղի մի հատվածից:

Այստեղ 1400 հեկտար  ոռոգելի տարածքից  մշակվում է ընդամենը 380 հա հող:

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերն Արմավիրի մարզում գտնվում են նախալեռնային գոտիներում: Դրանք շուրջ 20-ն են: Այդ համայնքներում հողերի մշակության համար նախատեսվածից ավելի շատ ոռոգման ջուր է տրվում: Կառավարությունը ընդառաջել է  գերնորմատիվայի հողերի ունեցող գյուղացիներին և սահմանել ջրի վարձ 1 հա-ի հաշվարկով՝  հավելյալ ծախսերը վերցնելով իր վրա: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ 2017թ գերնորմատիվային հողերից հանվել է 801 մլն դրամ ջրի ծախս:

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի գերնորմատիվային հողերում ջրի վարձն ավելի թանկ է, քան մյուս նմանատիպ հողեր ունեցող համայնքներում: Համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը դժգոհեց. «Եթե մյուս համայնքներում ցորենի համար ջրի վարձը վճարում են 55000 դրամ, ապա Ակնալճում վճարում են 77000 դրամ, 20 հազար դրամով ավելի»:

Խնդիրը տարիների պատմություն ունի, սակայն լուծում չի ստանում: Մոտ մեկ ամիս առաջ հարցը Արմավիրի մարզում  տրվեց   ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ խնդրելով վերանայել գյուղի  գերնորմատիվային հողերի ջրի ծախսը և սահմանված գինը:

Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանատուները նշեցին, որ Ակնալճում ավելի շատ  են ջուր  ծախսում, քան սահմանված է  գերնորմատիվային հողերի համար:  Ոռոգման ջրի բարձր վճարի պատճառով Ակնալճում  հողերի զգալի մասը չի մշակվում: Ավելի քան  1400 հա  գյուղատնտեսական նշանակության հողերից 380 հա-ն է մշակվում: Ակնալճի հողերը հիմնականում  Ուրց-Կոտայք-Շամիրամ գոտու 4-րդ և 5-րդ կարգի հողեր են, որոնք չմշակվելու պատճառով հետզհետե  անապատացվում են:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետներն առաջարկեցին փոխել մշակաբույսերի տեսակները և հիմնել բազմամյա տնկարքներ՝ պտուղ և խաղող, որոնք ավելի քիչ ջուր են պահանջում: Ակնաճում անցած 7 տարվա ընթացքում հիմնվել է 170 հա խաղողի այգի: Գյուղացիների մի մասը  այլ համայնքների վարձակալած հողերն է մշակում, իսկ մյուսները, որոնք ավելի մեծ թիվ են կազմում,  մարզի տարածքում օրավարձով են աշխատում:

«Իմ պայքարը նրանում է, որ մարդիկ մնան ու իրենց հողերը մշակեն, այտդեղից էլ կգոյանան հողի հարկերի գանձումը, էդ խնդիրը մենք էլ չենք ունենա», ասաց համայնքի ղեկավարը:

Ակնալճում նախատեսվել է կրկին չափագրումներ անել և որոշել ջրի ծախսը:

Կարդացեք նաև

Back to top button