

Օրերս խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծը:
Առանցքային փոփոխություններից մեկն այն է, որ հանձնաժողովը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն, դառնում է ինքնավար մարմին:
Ակնկալվում է, որ նախագծով առաջարկվող մի շարք փոփոխություններով այս մարմինն առավել ինքնավար եւ անկախ կլինի:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցն առաջին ընթերցմամբ խորհրդարանի հավանությանն արժանացավ միաձայն:
Հանրապետականների կոալիցիոն գործընկեր Դաշնակցություն խմբակցությունը, սակայն, օրինագծին վերապահումներով կողմ քվեարկեց: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պարզաբանմամբ՝ կողմ են քվեարկել պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը կրկին քննարկվի:
«Դրա մասին մենք խոսել ենք հանձնաժողովում: Մեր հետևողական մոտեցումն է, որ այսպիսի հանձնաժողովներում քաղաքական ուժերն առաջարկներ անելու փուլում պետք է մասնակցություն ունենան, մասնավորապես` ընդդիմությանը վերապահվի այդպիսի հնարավորություն: Մենք այդ առաջարկությունը կքննարկենք առաջինից երկրորդ ընթերցմամբ, ակնկալում ենք, որ այդ քննարկումը տեղի կունենա, և այս հարցի լուծմանը կանդրադառնանք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այդ հարցը նաև բարձրացրել է մեր ներկայացուցիչը հանձնաժողովի նիստի ժամանակ»:
Նշենք, որ ըստ նախագծի, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն, դառնում է ինքնավար մարմին, որի անդամներին ձայների մեծամասնությամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը` վարչապետի առաջարկությամբ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը առաջարկում է, որ ինքնավար մարմնի անդամների առաջադրումը վերապահվի ՀՀ Ազգային ժողովի կողմից ձևավորվելիք մրցութային հանձնաժողովին, որին մասնակից կարող են դառնալ նաեւ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները:
Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը նույնպես օրինագծի առաջին ընթերցմանը կողմ քվեարկեց: Ինչպես պարզաբանեց խմբակցության պատգամավորներից Արամ Սարգսյանը՝ խմբակցությունը կողմ է քվեարկում` բազմաթիվ վերապահումներով: «Ելք»-ում կարծում են, որ օրինագծում բազմաթիվ բացեր կան, սակայն եթե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխություններ լինեն, կրկին կողմ կլինեն, հակառակ դեպքում` կքվեարկեն դեմ:
Նկատենք, որ օրինագծով առաջնային փոփոխություններից մեկն այն է, որ ՏՄՊՊՀ հանձնաժողովը կոչվելու է «ինքնավար մարմին»: Որքանո՞վ դա կապահովի կամ կբարձրացնի այդ մարմնի ինքնավարությունն ու անկախությունը: «Ծառուկյան» դաշինքից, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով օրինագծին, նախ նկատեց, որ ընդհանրապես նման հանձնաժողովները ինքնավար եւ անկախ մարմիններ են: Իրական կյանքը, մինչդեռ, այլ բան է ցույց տալիս.
«Իրական կյանքը ցույց է տալիս, որ, որոշակի առումով, իշխանության թեւերի լծակները ավելի ուժեղ են լինում եւ նման հանձնաժողովները, իրենց կամքից անկախ, որոշակի առոմով, իշխանության ավելի ազդեցիկ թեւերի ազդեցությունն են կրում իրենց գործունեության վրա»:
Շեշտելով, որ նոր փոփոխություններով նաեւ նոր լիազորություններ են տրվում ՏՄՊՊՀ-ին՝ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում, նրա ձեւակերպմամբ, ակնհայտորեն եւ էականորեն կկրճատվեն նման հնարավոր ազդեցությունները հանձնաժողովի գործառույթների վրա:
«Ակնհայտորեն, հանձնաժողովի լիազորությունները մեծացված են, բացի այդ՝ բոլոր պատժամիջոցները, որոնք ենթադրում են տուգանքներ եւ այլն, ավելի ազդեցիկ են դարձել, որոնք, ըստ էության պետք է տնտեսվարող սուբյեկտների զգոնության աստիճանն ավելի բարձրացնեն»:
Որոշ փորձագետներ, մինչդեռ, կարծում են, որ շատ դեպքերում տուգանքներն էլ չեն նպաստում, որ հատկապես մենաշնորհ ունեցող տնտեսվարողները չդիմեն, օրինակ, հակամրցակցային պայմանավորվածությունների: Այս տեսակետը հիմնավորող փորձագետները նկատում են, որ հակամրցակցային քայլ անելով՝ հատկապես մենաշնորհ ունեցող տնտեսվարողներն ակնկալում են շատ ավելի մեծ շահույթ, քան այն տուգանքի չափը, որը սանկցիայի տեսքով պետք է մուծեն:




