

Վերջին շրջանում շատ ենք խոսել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին: Ծանոթ ենք նրա վերջին օրերի գրեթե բոլոր ասածներին ու նաեւ նրա ծրագրերին՝ ՀՀ նախագահի պաշտոնում: Այսօր, սակայն, նրա մասին չենք խոսելու: Փորձենք հասկանալ, թե ով է ՀՀ նախագահի կինը՝ ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ եւ նախասիրություններ ունի:
Լրագրող՝ մասնագիտությամբ, հեքիաթագիր՝ կոչումով: ՀՀ 4-րդ նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը անգամ այսօր հավատում է հեքիաթի եւ երազանքի ուժին:
Մեկ տասնյակից ավելի գիրք է հանձնել ընթերցողի դատին: Գերադասում է աշխատել մանուկների համար, մեծերի աշխարհը շատ բարդ է համարում:

ՀՀ 4-րդ նախագահի կինը ծնվել է Երեւանում 1954 թվականին: Հայրը լրագրող էր, մայրը՝ ուսուցչուհի: Հարուստ չեն եղել, սակայն բավականին գումար են ունեցել պատշաճ սնվելու ու հագնվելու համար: Ոչնչից զրկված չի եղել: Խորհրդային Միությունում միայն մի բան է միշտ խանգարել Նունեին՝ դա զգուշավորությունն էր, որ անգամ կատակները պետք է վերահսկվեն:
Նունե Սարգսյանն ինքնուրույն է եղել վաղ տարիքից: 10 տարեկանում արդեն ռադիոյի մանկական հաղորդումներում գրքեր է ընթերցել: Մի քանի ռուբլի հոնորարը մշտապես տվել է մայրիկին: Այդ տարիներից էր նաեւ փորձում գրել եւ ինչ-որ տեղ հրատարակվել: Հեքիաթագիր դառնալու լուրջ որոշման վրա, սակայն, լրջորեն ազդել է մեկ անձի կարծիքը:

Ամուսինները ծանոթացել են դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ «Նա իմ առաջին ու միակն սերն է»,- երկու տարի առաջ Daily Mail պարբերականին տված հարցազրույցում անկեղծացել է Նունե Սարգսյանը։ Նա շատ է սիրում իր կյանքը Լոնդոնում: Ունի անտիկ իրերի, արվեստի գործերի հազվագյուտ նմուշների հարուստ հավաքածու: Տունը նախընտրում է կահավորել բրենդային կահույքով ու աքսեսուարներով: Ասում են, որ Նունե Սարգսյանն ունի Դեյվիդ Լինլիի կահույքի ամենամեծ հավաքածուն աշխարհում։ Լինլին, ի դեպ, Եղիսաբեթ 2-րդ թագուհու քրոջ որդին է: Նունե Սարգսյանի հետ մտերիմ ընկերներ են:

Արմեն Սարգսյանի կինը երբեմն նաեւ նկարում է, բայց հիմնական գործը համարում է գրականությունը: Ընթերցողներին մնում է միայն սպասել եւ տեսնել, թե ինչ կստեղծի հեքիաթագիր Նունե Սարգսյանն արդեն Հայաստանում՝ ՀՀ 4 -րդ նախագահի կնոջ կարգավիճակում:




