
Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների սանդղակի վերին շեմին: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհատի այդ շեմը, եւ 2050-ին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23 տոկոսը:
Տարեցները, որպես կանոն, առողջական ամենաշատ ու ամենախորացած խնդիրներ ունեցող խումբն են, բայց Հայաստանում մանկաբուժության կողքին որեւէ մեկը ծերաբուժության մասին չի լսել. բժշկության այդ ուղղությունը մեր երկրում չկա:
«Ռադիոլուրն» է հետաքրքրվել տարեց հայ մարդկանց բնորոշ խնդիրներով ու խնդրով, թե ինչու են Հայաստանում մարդիկ իրենց ավելի շուտ սկսում ծեր զգալ:
Մինչ եվրոպական երկրների տարեց մարդիկ թոշակի անցնելուն պես սկսում են ճամփորդել, կրել իրենց ամենաթանկ զարդերը, վառ շպարով կամ շորտերով շրջել, անպայման մարզվել, Հայաստանում մարդիկ իրենց սկսում են ծեր զգալ արդեն մինչեւ թոշակի անցնելը:
Հայ հասարակության մոտ տարածված «Մեծ մարդ եմ, իմ ժամանակն անցել է» արտահայտությունը Ցավերի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի նախագահ, դասախոս Նարինե Մովսեսյանն առնվազն տարօրինակ է համարում: Ազգային մտածելակերպի ու սոցիալական պայմանների պատճառով Հայաստանում տարեց մարդիկ ապրում են չափազանց սահմանափակ կյանքով՝ ասում է զրուցակիցս:
«Նայում են անճաշակ, անորակ սերիալներ, որտեղ բոլորը տրագիկ դեմքերով են, ու բոլորն անընդհատ ինչ-որ բանից գանգատվում են»:
Հայ տարեցները կյանքի մասին մի շարք սխալ պատկերացումներ ունեն: Նախ՝ եթե բարձր տարիքում են, ապա անպայման հիվանդություն ու ցավեր պիտի ունենան, ընդ որում՝ բժշկի գնալը անընդհատ հետաձգեն: Երեխաներին գերնվիրվածության կողքին իրենց անձի հանդեպ են շատ հաճախ անուշադիր:
Մարզվող տարեցները մեզանում շատ քիչ կարելի է հանդիպել, իսկ սննդային առանձնահատկություններից ճարպոտ ուտելու սովորույթը միջինից բարձր տարիքում բերում է գիրության՝ դրան ուղեկցող ամենատարբեր առողջական խնդիրներով՝ սրտային, հոդային, արյան ճնշման:
«Ազգային այս ապրելակերպը շատ է անդրադառնում մեր տարեցների հենց ցավային համախտանիշի վրա: Ինչու, որովհետեւ շատ պասիվ են մերոնք: Կենարար ոչ մի բան չկա, որ ասենք՝ այս գիտելիքը կամ փորձը որ ունեն, ուղղեն մի նոր բանի: Ցանկություն էլ չկա»:
Մասնագետի գնահատականը հայ տարեցների կյանքի որակին:
«Շատ վատ, շատ անհետաքրքիր: Չեմ ուզում կտրուկ լինել, բայց հետաքրքրությունները շատ սահմանափակ են: Ես չեմ կարողանում հանգիստ նայել այդ նարդի խաղացողներին: Չեմ ասում չխաղան, բայց նարդուց բացի ուրիշ բաներ էլ կան, չէ՞ : Համարում են, որ երբ իրենց աշխատանքային փուլն ավարտվեց, երբ իրենք սոցիալապես ակտիվ էին, իրենք այլեւս բան չունեն անելու»:
Առողջապահության նախարարության գլխավոր թերապեւտ, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը խոսում է տարեցների կյանքի որակի խնդիրների մասին: Ընտանեկան բժշկի ինստիտուտն այս առումով շատ կարեւոր է ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական առումով: Բայց Նարիմանյանը դրական միտում նկատում է՝ միջին վիճակագրական հայ ընտանիքներն սկսել են ավելի ակտիվ լինել, առողջ կենսակերպին հետեւել:
«Ես այդ հարցում այդքան էլ վատ պատկեր չեմ տեսնում: Վարժությունները, ֆիզիկական ակտիվությունը, դիետաները, ֆիտնեսը արդյունք ունենում են: Բայց այդ ամենը պետք է լինի անհատականացված, չի կարելի անել այդ ամենն առանց բժշկի հսկողության»:
Միքայել Նարիմանյանը սթրեսներից, հոգեբանական խնդիրներից հեռու մնալը համարում է աբստրակտ մաղթանք: Շատ ավելի իրատեսական է դրան տանող ուղին՝ դիետա ու ֆիզիկական ակտիվություն: Նյարդաբան-սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանն իր հերթին նկատում է՝ մեզ հատուկ է մտածել, թե տարեցների մոտ խնդիրները տարիքին բնորոշ են, սպասելի: Բայց`
«Դա կարող է լինել դարձելի խնդիր, եթե դրա լուծման պահը բաց թողնենք՝ կանենք շատ լուրջ սխալ: Լինի դա հարազատի վերաբերմունքիով, երբ իմաստ չեն տեսնում լրացուցիչ հետազոտությունների, վերջացրած բժիշկների, նեղ մասնագետների մոտեցումներով»:
Որքան ինտելեկտուալ մակարդակը բարձր է, այնքան տարիքի հիշողության կորստի ռիսկը փոքր է, այդքան ավելի գրագետ են մոտենում իրենց առողջական խնդիրներին, բայց եւ միաժամանակ ավելի ցավոտ ընկալում իրենց առնչվող խնդիրները: Իսկ այս ընթացքում մեր երկրում դեռ նոր-նոր են սկսում խոսել ծերաբուժության՝ գերիատրիայի մասին, առողջապահական ուղղություն, որն այլ երկրներում վաղուց արդեն զարգացած է:




