Քաղաքական

Ի՞նչն է խանգարում բացահայտել «Մարտի 1-ի» գործով պատասխանատուներին


«Ի՞նչն է խանգարում բացահայտել «Մարտի 1-ի» գործով պատասխանատուներին» — այս խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր կարծիք է հայտնել, որ մարտի մեկը չի բացահայտվի, քանի որ իշխանություն-պետություն տարանջատումը մեզանում չի գիտակցվում:

Իրավապաշտպանը մարտի 1-ի կրկնություն միշտ էլ հնարավոր է համարում, քանի դեռ  մեզանում գործում է այն գիտակցությունը, որ ոստիկանությունը ոչ թե պետական կառույց է, այլ՝ իշխանության հենարան:

Նա նշել է, որ այս մտայնության տեսանկյունից ինքը չի տեսնում տարբերություն իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ սկսած 90-ականներից, ապա հիշեցրել, որ այդ համակարգի հիմնադիր իշխանությունն էր 2008-ին ընդդիմություն:

ՀԱԿ-ում, սակայն, կարծում են, որ մարտի 1-ի համար պատասխանատվության հարցում ամեն ինչ հստակ է:

 

 

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, կարծում է, որ կգա ժամանակը, երբ իշխանությունն ինքը կդատապարտի իշխանության կատարածը եւ ներողություն կխնդրի ժողովրդից: Ընդդիմադիր գործիչն ասաց, որ թեեւ 10 տարի անցել է, բայց վատատես չէ, որ 20 տարի կպահանջվի, ասաց՝ միաժամանակ հավելելով, որ ինչքան էլ պահանջվի, պետք է այդ ուղղությամբ գնալ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մինչդեռ, կարծում է, որ մենք փակ շրջանի մեջ ենք: Համոզված է, որ մարտի 1-ը չէր բացահայտվի, նույնիսկ այն դեպքում, եթե 2008-ին անգամ իշխանափոխություն լիներ եւ իշխանության գար Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, իրավապաշտպանի ձեւակերպմամբ, եղել է այդ համակարգի հիմնադիրը: Ավետիք Իշխանյանն իր այս համոզմունքը նաեւ հիմնավորեց՝ հիշեցնելով 2008-ի հունիսին, իրավիճակի որոշակի մեղմվելուց հետո, տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքից մի դրվագ.

«Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մարտի 1-ի դեպքերն անվանեց սպանդ եւ ասաց, որ այդ սպանությունների համար մեղավորները օլիգարխների թիկնապահներն են, ոչ թե ստիկանությունը: Դա ինչ է նշանակում, որ իրավապահ մարմինները, իմանանով, որ եթե գա իշխանության /նա հույս ուներ/, իրավապահ մարմիններին չի կպչելու, նա միանգամից, այսպես ասած, մեղքի ուղղությունն ուղորդեց այլ կողմ»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, մարտի 1-ի համար մեղավորության հարցում ունի հստակ համոզմունք:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ մարտի 1-ի գործով պատասխանատուները ո՛չ մոտ, ո՛չ հեռավոր ապագայում չեն բացահայտվի: Խնդիրն, ըստ նրա, այն է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն ի՞նչ բնույթի պետություն դարձավ:

«90-ական թթ-ին արդեն, ոստիկանությունը, ուժային կառույցները համարվում էին իշխանությունների հիմնական հենարանը: Հիշենք այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի խոսքը՝ «մեր դեմ խաղ չկա»:

Այն ժամանակներից սկսած եղան դեպքեր, երբ ոստիկանությունում խոշտանգումների արդյունքում մարդիկ զոհվեցին, սակայն որեւէ մեկը չպատժվեց: Խնդիրն այն է, որ դեռ 90-ականներից իշխանությունների հիմնական հենարանը ոչ թե ժողովրդի քվեն էր, այլ՝ ոստիկանությունը, որի միջոցով պահում էին իշխանությունը եւ ոստիկանությունը գործում էր ոչ թե օրենքով, այլ՝ ցուցումներով.

«Հարց է առաջանում. եթե դու պատժում ես, ապա՝ ոստիկանությունը արդյո՞ք քո ցուցումները կլսի, ասենք, ընտրությունների ժամանակ: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել մարտի 1-ի զոհերի հարցը»:

Իրավապաշտպանի խոսքով՝ խնդիրն այդ մտայնությունն է եւ այդ տեսանկյունից ինքը չի տեսնում տարբերություն իշխանության եւ ընդդիմության միջեւ:

Կարդացեք նաև

Back to top button