Հասարակություն

Կրթությունը պետք է նպաստի համայնքի զարգացմանը

Թումանյանի հայրենիքում հողերը վերածվել են խոտհարքի: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, բայց հիմնական եկամուտը  արտագնա աշխատանքի մեկնելով են վաստակում: Գյուղատնտեսությունը զարգացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ:

Դսեղի ճանապարհվելիս  բաց դաշտում ազատ արածում էին ձիերը, ոչ հովիվ կար, ոչ էլ՝ ձիապան, ասել է, թե դաշտն է երամակի  մնալու տեղը: Բարի ու հավատարիմ կենդանիներին տեսնելուն պես  անծանոթները շտապում են կանգ առնել ու լուսնկարել գեղեցիկ տեսարանը:


Արարատը գյուղի հովիվներից է, ոչխարի հոտն է սար տանում: Օրական վաստակում է 3000 դրամ:  Ովքեր սարվոր ունեն  անասուն պահելը հոգս չէ, ովքեր չունեն՝ հովվին են վստահում: Գյուղում շատերն են անասուն պահում, քչերը՝ հող մշակում: Չարչարանքը պտուղ չի տվել: Արարտն ասաց, որ վարելահողերը սեփականաշնորհումից  հետո մի քանի տարի են մշակել:


Հողերը վերածվել են խոտհարքի, գյուղացիներն  էլ ապրելու ելքը փնտրում են դրսում: Այստեղից հեռանում են նաև ընտանիքներով: Դպրոցի տնօրեն Էդուրադ Շեկոյանը համեմատության կարգով ասաց, որ 1960-ական թվականներին աշակերտների թիվը 4 անգամ ավելի շատ է  եղել ներկա աշակերտների թվից: Հիմա դպրոցում սովորում է 214 աշակերտ: Դպրոցը նորոգված է, կահավորված,  , գործում են արտադպրոցական և սպորտային խմբակները, սակայն գյուղում ապրելն է դժվար:


Երեխաները լավ կրթություն են ստանում, գնում սովորելու և չեն վերադառնում, աշխատանք են գտնում, մնում  քաղաքում: Դպրոցի տնօրենն ասաց, որ Գյուղի ճակատագիրը  գյուղատնտեսության զարգացման մեջ է:  Կրթությունը պետք է նպաստի համայնքի  զարգացմանը: Դպրոցում և գյուղում այնպիսի ծրագրեր պետք է իրականացնել, որպեսզի սերունդը կապվի իր հողին ու մնա գյուղում:


Զրուցակցիս սեփականաշնորհված հողը 3000 քմ է, վերածվել  է խոտհարքի, իսկ տնամերձ 1000 քմ հողում կարտոֆիլ է մշակում, որի բերքը շատ ցածր էր: Նախկին տնտեսագետը վաստակում է ձեռք բերած  արհեստի միջոցով:


Տուրիզմի զարգացման  միտումներ ունեցող գյուղում  2 ջերմոցային տնտեսություն կա և մեկ փայտամշակման արտադրամաս, որտեղ բնակչության մի մասն է զբաղված: Գյուղը ծերանում է, Թումանյանի հայրենիքը գյուղատնտեսական ծրագրերի ներդրման կարիք ունի:

Կարդացեք նաև

Back to top button