Վերլուծական

Ո՞ւմ ում հետ է առաջարկում փոխանակել Ադրբեջանը

Անմեղ գերիներին դիվերսատ- հանցագործների հետ փոխանակելու մասին խոսք անգամ չպետք է լինի՝ ասում է «Ընդդեմ իրավական կամայականության հ/կ» նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար Իսմայիլ Ախունդովի հայտարարությանը, թե իբր Բաքվում ցանկանում են փոխանակել իրենց գերեվարած հայերին Արցախում դատապարտված երկու ադրբեջանցիների հետ։

Նրանք ոչ թե գերիներ են, այլ  «դիվերսատնտներ, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել են իրենց գործած հանցագործությունների, սպանությունների համար՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց Լարիսա Ալավերդյանը:

«Դրանք մարդասպաններ են, հանցագործներ և չպետք է նրանց իբրև ռազմագերի ներկայացնել: Իրենց մոտ անհիմն պահվում են հայ գերիներ»:

Արցախում են գտնվում ազատազրկման դատապարտված երեք ադրբեջանցիներ՝ ներառյալ 2014թ-ին ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովն ու 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը։ Նրանք մեղադրվում են լրտեսության, Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի ռազմամթերք կրելու, մարդ առևանգելու և սպանելու մեջ։

Իսկ Ադրբեջանում պահվում են Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանն ու Արցախի  քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։ Վերջինին գերեվարել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ու մեկուկես ամիս անց Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են դիվերսիայի ու սպանության մեջ` ներկայացնելով որպես «դիվերսիոն խմբի անդամ»։

ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանն էլ մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ։ Սակայն Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանում բանտարկված եւս մի հայի մասին է նշում.

«Ույելդանովը պահվում է բանտում, քանի որ հայ է, և նա իր քրոջը նամակ է գրել՝ ասելով, թե դժվար այլևս իրեն տեսնի»:

Ինչու է Բաքվում այժմ նման հարց բարձրացվում և որն է նպատակը: Զրուցակցիս համոզմամբ՝ Ալիևը փորձում է իր վարկանիշն այդպիսով բարձրացնել, և ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց Բաքվում, այնպես էլ ուզում են այս երկու մարդասպաններին ազատել ու հերոսացնել: Բաքուն անգամ նրանց ազատելու համար դիմել է ՄԻԵԴ, սակայն մերժում է ստացել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում, կազմակերպության որդեգրած գաղտնիության սկզբունքը պահպանելով, որոշ տեղեկություններ հաղորդեց։ Ամիսը մեկ անգամ իրենք այցելում են հայկական ու ադրբեջանական կողմերում պահվող անձանց, տեղեկանում նրանց վիճակի մասին, իսկ առաջացած խնդիրները քննարկման առարկա դարձնում ու փորձում լուծումներ գտնել:

Իսկ խնդիրներ հայերն Ադրբեջանում ունենում են։ Սա արդեն կարող ենք գուշակել 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բացահայտումներից։ Ի դեպ՝ նա հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Ադրբեջանի: Դրա մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ընկերներս հարցնում են, թե ինչի վրա եմ ծախսելու գումարը, եթե շահեմ Ադրբեջանի դեմ դատը Եվրոպայում: Չեմ էլ մտածել, անկեղծ ասած: Դեռ պետք է շահել, հետո կխոսենք»,- գրել է Լապշինը:

Հայցի այլ մանրամասներ բլոգերը չի ներկայացրել, սակայն, կատակել է.«Տեսականորեն, ենթադրենք, ես հաղթեցի դատարանում և Ադրբեջանն, ասենք, պետք է ինձ 50.000 եվրո վճարի: Ենթադրենք, ես այդ փողով Ստեփանակերտի կոնյակի գործարանում լավ թնդեցված 1000 շիշ հիանալի ղարաբաղյան կոնյակ գնեմ: Արդյո՞ք դա կնշանակի, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է անում Ղարաբաղի տնտեսության մեջ»,- ասել է Լապշինը:

Կարդացեք նաև

Back to top button