

Գիրք նվիրելու օրվա ընդառաջ խոսել գրքի նշանակության և օրվա մասին ևս խթան է մեծացնելու հետաքրքրությունը գրքի ու ընթերցանության նկատմամբ:
Գրքերի մասին ինչքան շատ խոսվի, կարդացողների քանակն ավելի կմեծանա՝ ասում են գրքասերները:
Տարեց տարի փետրվարի 19-ին Երևանն ավելի է ծանրանում գրքով: Այդ օրը զինվեք գրքերով ու նոր դուրս եկեք փողոց. արդեն 10-րդ տարին է փետրվարի 19-ը պաշտոնապես ոչ միայն հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այլև՝ գիրք նվիրելու:
Տարեց տարի ավելանում են գիրք նվիրողները, տարեց տարի ավելի է ամրապնդվում գիրք նվիրելու ավանդույթը, ասում է գրահրատարակիչ Մկրտիչ Կարապետյանը:
Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է՝ ինչ խոսք:
Գրող Կարինե Խոդիկյանն անընդհատ շփվում է երիտասարդների հետ, ջերմորեն պահում կապը: Ասում է՝ երբ երիտասարդ էր՝ իր սերնդի վրա ավագները շատ էին փնփնթում: Նպատակ ուներ, փնփնթացող ավագ չդառնալ:
Կատակում է՝ կարծես թե ստացվում է: Եվ լավ գրող սերունդ ունենք, և ճիշտ գրքեր կարդացողներ: Կարդալու ձևերն ու տեղերն են փոխվել, ժամանակի թելադրանքն է՝ ասում է:
Գիրք նվիրելու օրվան անդրադառնալ մի քանի օր շուտ ևս մեծ խթան է գրքասեր հասարակություն ունենալու համար, շեշտում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Առանց կարդալու թող չասեն, թե երիտասարդ գրողներ չկան:
Այսօր էլ աշխուժություն նկատվում էր գիրք նվիրել պատրաստվողների ու հավանական ստացողների մոտ: Երևանցիները սիրում են փետրվարի 19-ը, նաև երազանքներ էլ ունեն: Ունենալ գրքասեր հասարակություն ու գիրք սիրող քաղաք:
Գրողների միության հարկի տակ հավաքվել էին գրեթե բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ ստանալու խրախուսական պատվոգրեր ու նվերներ՝ իհարկե գրքերի տեսքով: Հանրային ռադիոն ևս մրցանակ ստացավ:




