

«Բազմիցս նշվում է, որ չակերտավոր հարեւանի Հայաստանին ուղղված հոխորտանքը Ադրբեջանի ներքին լսարանի համար է, ամեն դեպքում հայկական կողմը քաջ գիտակցում է, որ գործ ունի ալիեւյան անկանխատեսելի կլանի հետ, ուստի միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ»,- ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, պարզաբանելով ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի զեկույցն, ըստ որի 2018-ին ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ մատնացույց անելով Ալիևի հայտարարություններն ու ասում է՝ նա պարզորոշ ցույց տվեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Սահմանագոտում իրավիճակը միշտ էլ պայթյունավտանգ է, և հայկական կողմը դա շատ լավ գիտակցում է` ասում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պարզաբանելով ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում տեղ գտած վերլուծությունը։ Դրանում կանխատեսվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը 2018թ-ին կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:
«Արցախի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար»,- գրված է զեկույցում։
«Սահմանագոտում իրավիճակը միշտ էլ պայթյունավտանգ է և հայկական կողմը դա շատ լավ գիտակցում է և պատրաստ է»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցն անսպասելի չհամարեց: Գաղտնիք չէ, որ Բաքուն նկրտումներ ունի անգամ Երևանի նկատմամբ, որ պատրաստվում է ագրեսիայի, ինչը, ըստ ռազմական փորձագետի, երևում է նաև հակառակորդի զորավարժությունների հարձակողական սցենարներից.

«Մեզ մոտ էլ հստակ վերլուծվել են 2016 թվականի ապրիլի ռազմական գործողությունները և դիտարկումների հիման վրա անհրաժեշտ միջոցներ են ներդրվել ՀՀ պաշտպանական գործողություններում: Այնպես որ՝ ծանոթ ենք իրենց գործողություններին, սակայն թե երբ կլինի դա, հարցերի հարցն է, քանի որ հակառակորդը գաղտնի է պահում՝ անսպասելիության էֆեկտ ապահովելու համար»:
Դավիթ Ջամալյանն իհարկե քիչ հավանական է համարում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը՝ հաշվի առնելով 2016-ին արդեն ստացած հակահարվածը: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է կրել, հիմնականում ոչնչացնել են հատուկ նշանակության ուժերը, իսկ դրանց պատրաստումը թերևս երկար ժամանակ պահանջող գործ է, ու դժվար թե հակառակորդը երկու տարվա ընթացքում կրկին նման արկածախնդրության դիմի։ Ավելի շուտ, ըստ ռազմական փորձագետի, հավանական է, որ Բաքուն փորձի փոքր քայլերով նվաճել Արցախը.
«Մենք պատրաստ ենք նման սցենարին և հակառակորդը մեզ անակնկալի բերել չի կարող»:
ԱՄՆ ազգային հետախուզության տվյալներով՝ կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, աճող ներքին ճնշումը, Ադրբեջանի ռազմական ներուժի արդիականացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ռուսական նոր զինատեսակների ձեռքբերումը կարող են հանգեցնել 2018թ-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Այս առումով Շավարշ Քոչարյանը հստակեցնում է՝ այդ Բաքվից են անընդհատ սպառնալից հայտարարություններ հնչում, ինչի մասին հարկ է, որ տեղյակ լինի նաև միջազգային հանրությունը:
Իրավիճակը վերահսկելի է՝ վստահեցնում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Դա լավ գիտակցում է նաև հակառակորդը: Այսօր արդեն դիվերսիոն փորձերի ակտիվություն չկա, կա դիպուկահարային ակտիվություն՝ ասում է:




