

Նուբարաշենի խճուղու բնակելի 5 շենքերի և Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի տարածքն արդեն 5 տարի է գարշահոտության մեջ է:
Գարշահոտության պատճառը՝ հոսող կոյուղաջրերն են, որ Երևանի ավագանու երեկվա նիստում, ըստ էության, ծեծկռտուքի պատճառ դարձան:
Ծեծկռտուքը բազմակողմանի քննարկվեց, Նուբարաշենի բնակիչների հարցը մնաց քաղաքապետարանի նիստերի դահլիճի գետնին թափված:

Թե կողույաջուրը որտեղից ուր է գնում, ճանապարհին ինչերի է հանդիպում ու որտեղ է հավաքվում ու դառնում կեղտակողույակղանքահիշողություն Նուբարաշենի խճուղու շենքի բնակիչ Մայիս Բեգոյանն է ցույց տալիս ու պատմում: 80 թվականից այս շենքում է, բայց իրենց խնդիրն ունի 5 տարվա պատմություն:
Բնակիչներն ասում են՝ ամեն ընտրությունից առաջ խոստումներ են տալիս, թե կվերացնեն նուբարաշենցիների գարշահոտ հիշողությունը, բայց այսպես արդեն 5 տարի շարունակ:
«Ընտրություններից ու խոստումներից է պատմում ու թե ինչ պետք է արվի բաց կոյուղաջրի հետ»:
Ինչպես բնակիչներն ասացին՝ իրենց այսօրվա հյուրերը միայն լրագրողներն են եղել, որևէ աշխատանք ոչ ոք չի իրականացրել: Այն պահին, երբ տարածքում էինք, տեղում ոչ ոք չկար:
Խնդրի լուծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արա Մարտիրոսյանն է պատասխանում «Ռադիոլուրի» հարցին։
5 տարի սպասել են, 5 օր էլ կսպասեն, միայն թե լուծում տան իրենց խնդրին, հույս ունեն բնակիչները:

Երևանի ավագանու երեկվա նիստում հիշեցին ու հիշատակեցին բռնության բոլոր ձևերը, ցուցադրվեցին տարբեր մարզաձեւերի տարբեր հնարքներ, Նուբարաշենի կոյուղաջրի մեկ բաժակ նմուշը մի քանի հոգու առողջական վատթարացման պատճառ դարձավ:
Նուբարաշենի հարցը եւ գարշահոտությունը մնաց օդում:
Երեկ քանի դեռ քննարկվում էր հանրապետածիրանական կամ տղամարդականանց պայքարը, նուբարաշենցիները քնեցին ու զարթնեցին նույն անփոփոխ միջավայրում: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը նախօրեին «Ռադիոլուրի»՝ Նուբարաշենի խնդիրն ինչ է լինելու հարցին անդրադարձավ մեկ նախադասությամբ. «Գործընթացը շարունակվում է, կարծում եմ կլինի համապատասխան արձագանք»:
Ասում են՝ մաքուր ջուրը հիշողություն ունի, իսկ թե Նուբարաշենի կոյուղակեղտակղանքաջրերն ի՞նչ են հիշում ոչ ոքի պարզ չէ:
Փոխարենը՝ կոյուղակեղտակղանքաջրերը շարունակում են հոսել, տեղ-տեղ էլ խոչընդոտի հանդիպում ու դառնում լճակ: Կողույաջրերի խնդիրը Նուբարաշենի բնակիչներին գարշահոտությունից ու տհաճությունից բացի դժբախտություն էլ է բերել. մի քանի տարի առաջ երկու երեխա են խեղդվել կոյուղակեղտաջրերում ու մահացել՝ ասացին բնակիչները:




