

Իրական ներդրումների համար անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման. տնտեսագետ Արտակ Մանուկյանի դիտարկումն է՝ հարկային արտոնությունների ինստիտուտի մասին:
Կառավարությունն այսօր հարկային նոր հնարավորություններ է տվել սահմանամերձ բնակավայրերում բիզնես գործունեություն ծավալողներին:
2015թ հունվարի մեկից սահմանամերձ 33 բնակավայրերում տնտեսական գործունեություն իրականացնողներն ազատվել են հարկերից: Այժմ էլ՝ ընդլայնված ցանկով բնակավայրերում ցածր դրույքաչափով արտոնագրային վճարներ են գործելու:
203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը ավելի ցածր է լինելու՝ կախված գործունեության տեսակից: Համապատասխան փոփոխություններն այսօր հաստատեց կառավարությունը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի փոխանցմամբ.
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշում է՝ բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պետք է պահել ուշադրության կենտրոնում:
Կառավարության ղեկավարը սահմանամերձ համայնքներին տրված արտոնություններն է մատնանշում՝ 2015թ հունվարի մեկից սահմանամերձ 33 բնակավայրերում տնտեսական գործունեություն իրականացնողներն ազատվում են հարկերից: Նախաձեռնությունը սպասված էր, այս կերպ գործադիրում փորձում էին սահմանամերձ բնակավայրերի գործազրկության խնդիրը լուծել:
Ակնկալիքներն ու ոգևորությունն այնքան մեծ էր, որ լրատվամիջոցներում մտավախություններ կային, թե խոշոր գործարարները հարկերից խուսափելու համար իրենց բիզնեսը կտեղափոխեն սահմանամերձ բնակավայրեր:
Երկու տարի անց այդ ոգևորությունից ոչինչ չի մնացել: «Ռադիոլուրի» զրուցակիցը սահմանամերձ ու խոշորացված Կողբ բնակավայրի ղեկավար Արսեն Աղաբաբյանն է:
«Չեն գալիս, չեն հետաքրքրվում»,- ասում է զրուցակիցս: Ոգևորված չե՞ն ներդրողները, ինչո՞ւ՝ հարցնում եմ:
«Հայաստանի գործարար միջավայրն է ռիսկային»:
«Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ արտոնությունները կառավարության կողմից առաջարկվող անուղղակի խրախուսման գործիքակազմ է. «Ներդրումների իրական, բայց ոչ անհրաժեշտ պայման է»:
Զրուցակիցս նույնպես մատնանշելով պատերազմական վիճակը նկատում է՝ Հայաստանը ռիսկային է, սակայն սա միակ խնդիրը չէ, տնտեսության նման կենտրոնացվածությունը անհամաչափ է բաշխված մարզերի ու մայրաքաղաքի միջև:
Ներդրողները պետք է մոտ լինեն սպառման շուկաներին՝ ասում է տնտեսագետը: Նա կարծում է, որ ազատ տնտեսական գոտիներն էլ թույլ ու կարճաժամկետ գործիքներ են։ Տնտեսական ազատ գոտի կարող է ստեղծել նաև հարեւան երկիրը, ուստի և կարևորը այլ բաղադրիչներն են:
Եկամուտների ավելացման ու գնողունակ պահանջակի ավելացման համար կարևոր է կրթական մակարդակը:
«Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոն»— ն այժմ ուսումնասիրում է կրթության արդյունավետությունն ու ծախսերը: Մանրամասներ այս պահին դեռ Մանուկյանը չի փոխանցում, միայն նշում է, որ կրթական խզվածությունը մարզերում և մայրաքաղաքում խորանում է:




