ԿարևորՀասարակություն

Գարեգին Բ․ Կաթողիկոսը Առաջին հանրապետության նվիրված կոնդակ կհրապարակի

Վաղը՝ փետրվարի 8-ին՝ Սուրբ Վարդանանց տոնին, կհրապարակվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը՝ Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով:

Կոնդակի բովանդակության որոշ մանրամասներ այսօր փորձել է իմանալ «Ռադիոլուրը»:

 

 

Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ պահպանել են մեզ ազատության արժեքները։ Ազատ պետականության, ազատության համը զգացել ենք, գինը՝ պետք է իմանանք. ահա սա է լինելու Վեհափառ հայրապետի հորդորն ու պատգամը հայ ժողովրդին։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ռադիոլուր»-ին բացահայտում է սրբատառ կոնդակի, այսպես ասենք, գաղտնիքները: Վեհափառը վաղը կխոսի եկեղեցի-պետություն կապի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերի մասին: Տեր Վահրամը նախօրոք «Ռադիոլուրի» խնդրանքով ներկայացնում է կոնդակի բովանդակության կարևորագույն կետերից:

«Առաջինը, Վեհափառ Հայրապետն իր մտորումներն է փոխանցելու մեր ժողովրդին։ Երկրորդ՝ իր հորդորներն է բերելու, թե ինչպես ապրեք մեր կյանքը։ Երրորդ՝ Վեհափառի պատգամն է՝ գնահատել այն, ինչ վաստակել են մեր նախնիները, իմանալ ազատ պետականության գինը»։

Կոնդակի բովանդակությունը ուղղորդիչ պատգամներից է՝ ասում է Տեր-Վահրամը։ Այսօրվա մեր կյանքի համար կարևոր է, որովհետև  պետք է դասեր քաղենք Առաջին հանրապետության կարճատև գոյապայքարից և մայիսյան հերոսամարտերից:

Հենց այս խորհրդով է, որ կոնդակը կհրապարակվի Ս. Վարդանանց զորավարների տոնին` փետրվարի 8-ին:

Եկեղեցու դերն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Առաջին հանրապետության պետականաշինության գործում անգնահատելի է՝ ասում է պատմաբան Մհեր Հովհաննիսյանը: Եկեղեցին շատ բարդ ու ծանր իրավիճակում հստակ հասկացավ իր դերը և իր տեղում դարձավ պետությանը օգնող ձեռք՝ շեշտում է:

Այս հոբելյանի և տոնի խորհուրդները մեկ ընդհանրություն ունեն`ցույց տալ մեր ժողովրդի միասնականությունն ու հաստատակամությունը հանուն ազատության ու անկախ պետականության, գոյամարտ հանուն ինքնության պահպանման և ապագայի տեսիլքի, շեշտում են զրուցակիցներս:

Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով  Մայր աթոռի կառույցները՝ կրթական, գիտական, մշակութային հաստատությունները,  իրականացնելու են մի շարք միջոցառումներ:

Դեռ ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահը վարչապետն է։

Կարդացեք նաև

Back to top button