

Չշահագործվող պոչամբարները կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին` կարծում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը:
Նա, ու ոչ միայն, այսօր Երևանում էին տարածքային կառավարման ու զարգացման նախարարաության կազմակերպած հանդիպմանը:
Այս տարվա սկզբից խոշորացված համայնքներում նոր հաստիքներ են գործում՝ հատուկ մարդիկ, ովքեր տնտեսական զարգացմանն են նպաստելու:
«Ռադիոլուր»-ը փորձել է պարզել, թե ինչ նոր գաղափարներ են բերելու համայնքներում այս նոր հաստիքն զբաղեցնողները:
Ներդրումներ ներգրավել, համայնքների զարգացման ծրագրեր ներկայացնել: Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի՝ համայնքների ղեկավարների առջև դրված խնդիրները հստակ են: Միայն թե մի շարք համայնքների ղեկավարների ու կառավարության անդամների պատկերացումները նախկինում տարբեր էին այս խնդրի շուրջ: Համայնքների ղեկավարների մի մասը, օրինակ, համայնքի զարգացման ծրագրեր ասելիս նշում է:
Եվ ահա, խոշորացված համայնքներում այս տարեսկզբից նոր հաստիք է գործում՝ տնտեսական զարգացման պատասխանատու: Նրանք պետք է կարողանան մշակել համայնքի տնտեսական զարգացման ռազմավարությունը՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ասում է տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ համայնքների ղեկավարները ներդրումային ծրագրեր չեն կարողանում գրել՝ մեր ուղիղ հարցին պատասխանում է՝ «ունեցանք սպոնտան պրոցես, հիմա մեր նպատակն է ստեղծել կառույց, որը որակ կապահովի»:
Մոտ 80 մասնագետ են ընտրել։ Ավելի ճիշտ՝ համայնքների ղեկավարներն են նրանց ընտրել։ Մարդիկ են, որոնք բնակվում են այդ համայնքներում, տեղյակ են խնդիրներից: Գարեգին Գաբրիելյանը Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի տնտեսական պատասխանատուն է, այս համայնքից է, սակայն Երևան էր եկել նախ հասկանալու համար, թե ինչ նոր պատասխանատվություն է ստանձնելու:
Պարզեցինք, որ Քաջարանում կարելի է էկոտուրիզմը զարգացնել։ Հնարավո՞ր է զարգացնել հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը միաժամանակ՝ հարցում եմ զրուցակցիս: Պարզվում է՝ հնարավոր է։ Այսպես մտածում է նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը:
2018թ համայնքային ու մարզային տնտեսական ծրագրերն են մեր թիրախը՝ ասում է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Աշխատատեղերը կլինեն կայուն ու ամուր»,- շեշտում է:
Ավելին՝ ավելիի համար՝ հստակեցնում է նախարարը: Լավագույն, խոշորածավալ ծրագրերի դեպքում խոստանում են ֆինանսավորել ոչ թե 50 տոկոսը, այլ ավելին։ Իսկ հիմնական նպատակը մեկն է՝ համայնքներում տնտեսական շարժ ապահովել ու մարդկանց աշխատանքով ապահովել:




