

Կառավարությունն այսօր այս տարվա վերջին նիստն է անցկացրել: Այն սովորականից ավելի երկար է տևել: Սա չի վրիպել անգամ կառավարության ղեկավարի աչքից:
Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ կամ շատ են հոգնել, կամ ընդհանրապես չեն հոգնել:
Սովորականից ավելի շատ զեկուցվող հարցերից մեկն էլ համայնքներին տրամադրվող գումարների արմատական փոփոխությանը վերաբերող նախագիծն էր:
Կառավարությունը կավելացնի այն համայնքներին տրամադրվող գումարները, որոնց ղեկավարները կապիտալ ներդրումներ կանեն:
Հաջորդ տարի կառավարությունը ծրագրում է համայնքներին տրամադրող լրավճարների տրամաբանությունը փոխել: Վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարների առջև հստակ խնդիրներ դրեց՝ ներդրումներ ներգրավել, ներկայացնել համայնքների զարգացման ծրագրերը, փոխել սոցիալական պատկերը համայնքներում:
Համայնքների ղեկավարների մի մասը դեռ ներդրողներ է փնտրում, նրանցից օրինակ, Գուգարքի ղեկավար Աշոտ Աշուղյանը վստահեցնում է՝ երկար տարիներ է ներդրողներ է փնտրում ու չի գտնում։ Նրա ակնկալիքները կառավարությունից են:
Գյուղապետերի դժգոհություններն սկսվում են ենթակառուցվածքներից: Համայնք այցելու տեսնելիս էլ սկսում են դժգոհել ենթակառուցվածքներից, մասնավորապես ճանապարհների անբարեկարգ վիճակից։ Խնդիրը սուր է անկախ գյուղերի աշխարհագրական դիրքից՝ սահմանամերձ Տավուշ, թե՝ Լոռի: Լոռու մարզի մեկ այլ համայնքում ենք՝ Մարգահովիտում: Համայնքի ղեկավար Սամվել Անանյանը նշում է՝ այստեղ գուցե տուրիզմը զարգանա, սակայն չի պատկերացնում, թե ինչպես են զբոսաշրջիկները քարուքանդ ճանապարհներով հասնելու գյուղ:
Եվ ահա այսօրվա կառավարության նիստում հստակեցվեց՝ հաջորդ տարի համայնքներին տրամադրող սուբվենցիաների տրամաբանությունը փոխվում է: Մի ամբողջ փաթեթ, որը ներկայացրեց տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ «Ավելին ավելիով» տրամաբանությունն են որդեգրել:
Լոքյանի փոխանցմամբ, հաշվարկել ու պարզել են, որ կապիտալ ծախսերը տասնապատիկ կմեծացնեն: Ծրագրերն ավելի կհստակեցնեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց՝ մարզպետերի հետ հանդիպման ժամանակ հստակ ձևակերպել են, թե որքան պետք է ավելանան համայնքների սեփական եկամուտները:
Այս մասով կառավարության ակնկալիքները 2018-ից մեծ են: Նույնքան շատ են նաև համայնքների ղեկավարների ակնկալիքներ՝ միայն թե պետական բյուջեից:




