Վերլուծական

Երուսաղեմի, Հորդանանի եւ Իրանի հայերը՝ Թրամփի հայտարարության մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ եկել է ժամանակը Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, եւ ԱՄՆ դեսպանատունը ԹելԱվիվից տեղափոխել Երուսաղեմ:

Պատմական հայտարարություն, որը շրջում եւ փոխում է ոչ միայն պաղեստինա-իսրայելական հակամարտության բանակցությունների եւ պայմանավորվածությունների սլաքը, այլ դառնում ողջ տարածաշրջանի երկրների անհանգստության պատճառ:

Մինչ այս ժամը, գրեթե բոլոր՝ արեւմտյան, ասիական եւ մերձավորարեւելյան երկրների առաջնորդները  զգուշավոր հայտարարություններով են հանդես եկել՝ կանխատեսելով լարվածություն ու նոր հրահրումներ։

 

Երուսաղեմը Թրամփի երեկվա հայտարարությունից հետո ցնծության մեջ է: Մամուլը, հեռուստատեսությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահին՝ նման կարեւոր եւ պատմական որոշման կայացման համար: Ի հակառակ Երուսաղեմի արեւմտյան հատվածի՝ արեւելյան մասում ներքին լարվածություն կա, որը կարող է բախումների վերածվել։

Երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանի անհեռանկար է որակում ԱՄՆ նախագահի հայտարարությունը  եւ մի նուրբ շեշտադրման վրա ուշադրություն հրավիրում: ԱՄՆ նախագահը քաղաքական նոր գործընթաց է սկսում՝ Երուսաղեմ տեղափոխելով ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։ Սա չի նշանակում ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք՝ կարծում է զրուցակիցս՝ ընդգծելով՝ Թրամփն ուղղակի շեշտում է, որ ժամանակն է եկել ճանաչելու այն։

«Երուսաղեմը գործադուլի մեջ է: Արեւելյան Երուսաղեմում խանութները փակ են, դպրոցները: Վաղը իսլամի ժողովրդի համար աղոթքի օր է, ուրբաթ է: Իսրայելական ԶՈՒ-ը զորք է տեղակայում: Վախ կա, որ վաղը կարող է բախումներ տեղի ունենան: Թրամփը նորություն չէ մեր համար: Երեկ ես Թրամփի հայտարարությունը լսեցի, կարծես թե ինքը մեկ այլ մոլորակի մասին է խոսում:  Այս ամենում մեր դժվարությունները, որոնք կլինե՞ն: Իսրայելի պետությունն ունի իր սեփական ծրագիրը՝ փողով կամ ուժով հետ վերցնել իր հողերը: Սա բոլորը գիտեն: Երուսաղեմը եղել է նաեւ իսլամական տիրապետության տակ, եւ երբեք մեր եկեղեցիները չեն վտանգվել: Սա պետք է հստակ ընդգծել, արաբները մեր հողերի նկատմամբ նկրտումներ չեն ունեցել: Վտանգը իսրայելական կողմից եմ տեսնում»:

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել: Այն 3 կրոնների կենտրոն է։ Երուսաղեմի հոգեւոր առաջնորդներն իրենց մտահոգություններն արդեն հայտնել են հայտարարության վերաբերյալ և խնդրել Թրամփին վերանայել որոշումը։

Ի դեպ, Իսրայելի հարեւան երկրներում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պաշտապնություն պաղեստինցիների: Հորդանանում բնակվող հայ ակտիվիստ Մարալ Ներսիսյանը մեզ փոխանցեց, որ Ամանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության շենքի մոտ բողոքի ցույցեր են սկսվել Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո: Ի դեպ, Հորդանանի թագավորը մինչ որոշման ընդունումն արդեն իսկ զգուշացրել էր ԱՄՆ նախագահին, որ այն կվտանգի  տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Այժմ տեղափոխվենք Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի քայլը համարել է «սեփական թուլության հետեւանք», որը հակասում է միջազգային կազմակերպությունների բանաձևերին: Իրանի Մեջլսի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Թրամփը նախ աշխարհագրական առումով չի տիրապետում իրավիճակին, եւ նման որոշումն ի չիք է դարձնում պաղեստինա-իսրայելական բանակցությունները, եւ նոր լարվածության հիմք դառնում:

Ի դեպ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշմանն ասել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:

«Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար: Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»,- ասել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Կարդացեք նաև

Back to top button