

Ամանորին ընդառաջ հայաստանյան շուկայում շարունակվող թանկացումներին է այսօր անդրադարձել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ խոսելով կարագի, բենզինի և ձվի շուկաների մասին:
«Հանձնաժողովի ուսումնասիրություններով՝ անբարեխիղճ մրցակցային երևույթներ առկա չեն։ Այս շուկաները մշտապես գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է Շաբոյանը: Թանկացումների եւ մոլորեցնող զեղչերի մասին՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:
Կարագի, բենզինի և ձվի թանկացումները հիմնավորված են՝ հայտարարում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ու իր ասածներն էլ փորձում հիմնավորել հանձնաժողովի դիտարկումներով: Բենզինի շուկայում հիմնական գնային բարձրացումներն արձանագրվել են օգոստոսից սկսած. սեպտեմբերին բենզինը թանկացել է 20 դրամով, վերջերս՝ ևս 10 դրամով, թանկացումը 7-8 տոկոսով է:
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սա հիմնականում պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ»։
Կարագի շուկային անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նկատում է՝ նախորդ տարվա սեպտեմբերից պարբերաբար կարագի գները բարձրանում էին՝ 2400 դրամից հասան մինչև 4500 դրամի. շուրջ 80 տոկոսով թանկացում է գրանցվել:
«Սա, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, համաշխարհային տենդենցներով: Այս երևույթը տեղի է ունենում ամբողջ աշխարհում»:
Ձվի շուկայում եւս վերջին մեկ ամսում գները որոշակիորեն բարձրացել են։ Շաբոյանի դիտարկմամբ՝ խոսքը 5-6 դրամի մասին է, ոչ ավելի, և այն, ինչ հրապարակվում է շատ դեպքերում, իրականությանը չի համապատասխանում։ Շաբոյանը խնդիրը պայմանավորում է սեզոնային պահանջարկի ավելացմամբ։
«Սովորաբար տարվա վերջին տեղի է ունենում ձվի սեզոնային պահանջարկի ավելացում, և այդ ժամանակահատվածում տեղական արտադրողները որոշակիորեն ավելացնում են արտադրության ծավալները կամ որոշակի ներմուծումներ են իրականացնում։ Պարզապես այս տարի տնտեսվարողների կողմից ներմուծումները որոշակիորեն ուշացել են։ Բայց մեր ունեցած տեղեկատվությամբ՝ այս պահին ներկրումներ են իրականացվում, այդ պատճառով անհանգստանալու կարիք չկա։ Խնդիրը շուտով կկարգավորվի»,- ասաց նա։
Ամանորը մոտենում է, ու սպառողն ամեն քայլափոխի աննախադեպ զեղչերի մասին հայտարարությունների է հանդիպում: Գլխապտույտ առաջարկների մեջ քաղաքացին շատ հեշտ մոլորության մեջ է ընկնում՝ որտ՞եղ են զեղչերն իրական, իսկ որտե՞ղ է զեղչված ապրանքը նախորդ օրվա չզեղչված գնից ավելի բարձր արժենում: Սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ անբարեխիղճ ու սպառողին մոլորեցնող դրսեւորումներն օրենքով կարգավորված չեն, դրա համար էլ զեղչերի մասին հայտարարություններով խաբում են՝ ինչպես կարող են:
«Այսօր տնտեսվարողը կարող է ապրանքը վաճառել 1000 դրամով, վաղը դրա գինը դարձնել 4 հազար դրամ, իսկ մյուս օրը իջեցնել գինը 2 հազար դրամի ու հայտարարել, թե արել է 50 տոկոս զեղչ: Որեւէ մեկը նրան պատասխանատվության կանչել չի կարող, քանի որ նրա հայտարարագրված վերջին գինը եղել է 4 հազար դրամ, իսկ 2 հազարը 50 տոկոսով պակաս է: Այնինչ 15 օր առաջ այդ ապրանքի գինը ընդամենը հազար դրամ էր»:
Պիպոյանը մանրամասնում է՝ Հայաստանի օրենսդրությունը չի սահմանում՝ ինչ է զեղչը, իսկ այս պայմաններում տնտեսվարողները կարող են հեշտությամբ մանեւրել: Այս պայմաններում սպառողների շահերի պաշտպանի հորդորն ու խորհուրդը մեկն է գլխապտույտ զեղչային հայտարարություններին տրվելով գլխապտույտ ծախսեր չանել:




