

Մինչ պայքարում ենք սառը եղանակի դեմ՝ օգտագործելով ջեռուցման տարբեր եղանակներ ու միջոցներ, բախվում ենք անվտանգության կանոնների խախտումների հետ, ցավոք, արձանագրելով մահվան ելքով դեպքեր:
Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ԱԻՆ-ը եւ «Գազպրոմ Արմենիան» հորդորում են պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները:
Անվտանգության պահպանման մարմինների մասնագետներն այսօր անդարադրձել են թե՞ հիմնականում որ դեպքերում են արձանագրվում շմոլ գազից եւ ոչ միայն թունավորման դեպքերը:
Մարդկանց չիմացությա՞ն, զգուշավորության պակասի՞, թե՞ գազի արտահոսքի պատասխանատվությունը կանխող ու անվտանգության երաշխիքներ տրամադրող ընկերության բացթողման հետեւանք են շմոլ գազից թունավորումները:
Ադելինա Ղազարյանը նոր է տեղափոխվել բազմաբնակարան շենք, գազին միացված բոլոր սարքերը նոր են, սակայն սեփական զգոնության ու ուշադրության շնորհիվ կարողացել է կանխել հերթական թունավորման դեպքը:
Ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատակիցն այցելել է սովորական ժամանակացույցի համաձայն, ստուգել անվտանգության նորմերը, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ գազօջախին միացված խողովակը թույլ է ամրացված եղել համակարգին եւ գազի արտահոսք է գրանցվել:
Իսկ ինչո՞ւ չի արձագանքել գազի արտահոսքը զգուշացնող ազդանշանային սարքը։ Մասնագետները փաստում են, որ համակարգը կարող է եւ չարձագանքել, անգամ բարեխիղճ սպասարկման պարագայում, հարկավոր է նաեւ տան անդամների ուշադրությունն ու զգոնությունը բարձրացնել:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը դեպքեր է առանձնացնում, որ փականագործները այցելելով բնակարաններ արձանագրել են, որ գազի արտահոսքը արձանագրող ազդանշնային համակարգը վարդակից անջատված է։ Մասնագետը հորդորում է. չանջատել ազդանշանային համակարգի էլեկտրական սնուցումից:
ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը վտանգավոր է համարում տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների օգտագործումը՝ առանց մասնագետի խորհուրդը հաշվի առնելու: Միայն 2017 թվականին գազից թունավորման 51 դեպք է արձանագրվել, 7- ը մահով եւ 132 տուժածով։ Իսկ ընդհանուր պատկերը՝ ջեռուցման սարքավորումներից անզգույշ օգտվելու եւ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվելու դեպքերի վերաբերյալ, այսպիսին է.
«Նախորդ տարվա համեմատ՝ մենք հրդեհների դեպքերի նվազման միտում ունենք: Եթե 2016 թվականին ունեցել ենք 102 հրդեհ, այս տարվա 10-ը ամիսների ընթացքում 53 հրդեհ, 2016-ին 4 զոհ, 4 վնասվածք, 2018-ին՝ 1 զոհ, եւ 5 տուժած»:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանն իր հերթին հորդորում է չզբաղվել ինքնագործունեությամբ, դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները:
«Օդափոփության ու ծխատար ուղիների փակումը միանշանակ մահաբեր է։ Բնակարանները ջեռուցել գազօջախներով՝ ակնհայտ հանցագործութուն է, որն անում էին մեր տատիկները։ Սա վտանգավոր է»:
Մեծ վտանգ է ներկայացնում գազի բալոնը: Տաքանալիս այն կարող է պայթել` առաջացնելով ծանր հետևանքներ: Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից և հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո սկսել հրդեհի մարումը։ Հիշեցնում ենք, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարով, իսկ գազի արտահոսքի դեպքում 1-04։




