Տնտեսական

Հյուսիս-հարավը դեռ շատ «ջուր» կպահանջի. անորոշություն ծրագրում

Ո՞ւր են գնում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման համար ստացվող վարկային միջոցները, ովքե՞ր են չարաշահողները եւ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում:

Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր խորհրդարանում թեժ մթնոլորտ էր ստեղծել:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանն ասաց, որ ժամկետներն ուզում են երկարաձգել մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը:

Պատգամավորները խիստ դժգոհ են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքից, անգամ լուրջ չարաշահումների կասկածներ ունեն եւ կոնկրետ անուններ են պահանջում կառավարությունից, սակայն այսօր ստիպված կողմ քվեարկեցին եւ հաստատեցին ժամկետների երկարաձգումը՝ գիտակցելով, որ այդ ճանապարհն այլընտրանք չունի: 95 տոկոս օբյեկտիվ եւ ընդամենը 5 տոկոս սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել ուշացման համար՝ խորհրդարանում փորձում էր պաշտպանվել եւ պարզաբանել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը:

Ճանապարհի 8 կիլոմետրանոց հատվածի վերանախագծումը, բնականաբար, լրացուցիչ, չնախատեսված ծախսեր է պահանջելու, իսկ չնախատեսված խնդիրների առաջացման ռիսկերի հաշվարկը եւ խորհրդատվական կանխարգելումը նախ եւ առաջ բառի բուն իմաստով շատ թանկարժեք խորհրդատուների գործն էր: Պատգամավորներին դուր չեկավ կառավարության աշխատաոճը: Ծրագրում խորհրդատվական աշխատանքից դժգոհ էր  Տիգրան Ուրիխանյանը:

Այս պահի դրությամբ կարող ենք խոսել Հյուսիս-Հարավ ճանապարհի ընդամենը մի հատվածի շինարարության ավարտի մասին: Առաջին փուլով Երեւան-Արտաշատ ճանապարհի կառուցման համար հատկացվել է 60 միլիոն դոլար, Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհների համար 330 մլն դոլար։

Վարկային համաձայնագրի ֆինանսավորման ժամկետների խնդիրը նոր չէ։ 2016- ին Հայաստանի փոխվարչապետը դիմել Ասիական զարգացման բանկին: Համաձայնությունը նոր է ստացվել: Փոխնախարարի հիմնավորումները համոզիչ չէին պատգամավորների համար: Լսենք ելույթներից մի քանիսը:

Անուններ, բնականաբար, չհնչեցին: Փոխնախարար Արման Խաչատրյանը բնականաբար չընդունեց մեղադրանքները, հակադարձեց եւ փորձեց նախարարության պատիվը բարձր պահել:

Փոփոխված ժամկետներով նախատեսվում է, որ ստացվող գումարների դիմաց աշխատանքները կավարտվեն 2019-ի սեպտեմբերի 14-ին: Պատգամավորները չեն վստահում նաեւ հրապարակված այս թվին՝ հակադարձելով, որ նախարարն անձամբ այլ ժամկետների մասին է խոսել՝ անգամ 2022 թվականը նշելով կասկածանքով: Ստացվող վարկային միջոցների օգտագործման մասով պատգամավորների մոտ անվստահությունն այնքան մեծ է, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները դեմ քվեարկեցին ժամկետների երկարաձգմանը, սակայն «55 կողմ» ձայներով առաջարկն ընդունվեց:

Կարդացեք նաև

Back to top button