

Մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 12-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Երջանկություն» խորագրով մանկական երաժշտական շոու- հեքիաթի երևանյան պրեմիերան:
«Երջանկություն» մյուզիքլի մոսկովյան առաջնախաղը կայացել է 2017-ի մայիսին՝ «Երջանկություն» ստեղծագործական փառատոնի շրջանակում:
Մոսկովյան հեղինակավոր Կրեմլի պալատում իրենց ելույթով փայլել են նաև հայ երեխաները:
Աշխարհի տարբեր ազգերի երաժշտական-մշակութային ավանդույթների համադրմամբ, շոու-հեքիաթի ձևաչափով , նորարարական լուծումներով «Երջանկություն» խորագիրը կրող մյուզիքլի գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հայտնի «Ժողովրդական արտիստ» մրցույթի հաղթողները:
Մասնակցում են նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, «Երջանկություն» միջազգային առաջին ստեղծագործական փառատոնի դափնեկիրները: Բեմում կլինեն յոթ երկրի ավելի քան 80 ներկայացուցիչներ:
«Երջանկություն» մյուզիքլի մոսկովյան առաջնախաղը կայացել է 2017-ի մայիսին՝ համանուն ստեղծագործական փառատոնի շրջանակում:
Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյան.
Ծրագիրը Երևանում իրականացնելու բանակցությունները սկսվել են դեռևս գարնանը, երբ Մոսկվայում կայացավ միջազգային ստեղծագործական փառատոնը, որի խորագիրը ևս «Երջանկություն» էր: Ներկայացրած 20 հայտից միայն 7 երկրների ներկայացուցիչներին հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ և ներկայացնել իրենց երկրի արվեստը ռուսատանյան ամենահեղինակավոր բեմերից մեկում՝ Կրեմլի պալատում:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլում ներկայացվող «Երջանկություն» խորագիրը կրող մյուզիքլում պատիվ ունեցան մասնակցելու նաև Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ շատերին արդեն հայտնի քանոնահարուհի Մերի Մուսինյանը, պատանի դուդուկահար Գևորգ Ստեփանյանը, Աշտարակի երաժշտական դպրոցի սան, երգիչ Ալբերտ Անդրեասյանը: Հայաստանի շնորհալի պատվիրակները հանդես են եկել անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:
«Երջանկություն» միջազգային երաժշտական փառատոնի հեղինակն ու ղեկավարը «Պատանի արտիստ» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Մերինե Մելիքյանն է, որն այսօր հայտարարեց «Երջանկություն» միջազգային թվով երկրորդ ստեղծագործական փառատոնի մասին:
««Երջանկություն» միջազգային երկրորդ ստեղծագործական փառատոնը կկայանա 2018-ի հունիսի մեկին: Հայտերը կընդունվեն 2018-ի հունվարի 15-ից: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 4-16 տարեկան տաղանդավոր երեխաները»:
Մերինե Մելիքյանի խոսքով, ժանրային սահմանափակումներ չկան: Կարևորն այն է, որ մասնակիցը լավագույնս ներկայացնի իր երկրի երաժշտական արվեստը:




