

Կենսաթոշակային կուտակային համակարգի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բաղադրիչը պարտադիր կդառնա հաջորդ տարվա հուլիսի մեկից: Մեկ անգամ տապալված ու մեկ անգամ էլ հետաձգված բարեփոխումն այս անգամ չի հետաձգվի՝ վստահեցնում են պաշտոնյաները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրին» ասել է՝ ռեֆորմը տապալվեց, քանի որ կար ֆինանսական անգրագիտություն, վստահության պակաս:
Բացի այդ, քաղաքացիների հիշողություններում նաև խորհրդային տարիներին կորցրած ավանդների դառը փորձն էր: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ցրել է բոլոր մտահոգություններն ու կասկածները:
Երկու անգամ հետաձգելուց հետո կառավարությունում վստահեցնում են՝ 2018թ հուլիսի 1- ից կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչն ի վերջո ուժի մեջ կմտնի:
Հավաստիացնում են՝ այս անգամ այն չի հետաձգվի: «Արմատական բարեփոխում» որակավորումը ստացած կուտակային համակարգը պարզապես տապալվեց 2014թ:

Նույն տարվա մայիսի 20-ին խորհրդարանական ամբիոնից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ «Մենք այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»:
Թե որն էր «պարտադիր, բայց ոչ պարտադրվածը», հետո պարզվեց. ովքեր չէին ցանկանում համակարգի մաս կազմել, դիմում գրեցին ու հրաժարվեցին: Սակայն նրանք, ովքեր որոշեցին պետական համակարգում աշխատանքի ընդունվել, արդեն անկախ իրենց կամքից անցան կուտակային կենսաթոշակային համակարգին։ Սա այն բարեփոխումներից է, որը պարբերաբար ձգձգվում է։ Հերթականն այս տարվա հունվարն էր, սակայն կրկին հետաձգվեց մինչև 2018թ հուլիսի 1-ը:

Եվ այսպես, 1974թ հունվարի 1- ից հետո ծնված ու աշխատող քաղաքացիները հաջորդ տարվա ամռան երկրորդ ամսվանից արդեն իրենց աշխատավարձից 5 տոկոս մասհանում կանեն, պետությունն էլ ևս 5 տոկոս կավելացնի՝ խոստանալով գումարը վերադարձնել տոկոսներով, երբ քաղաքացին անցնի կենսաթոշակի։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է՝ համակարգին միացածների առյուծի բաժինը կամավոր միացողներն են ՝
«Պետական համակարգից 70 հազար մասնակից է, մնացած 110 հազարը՝ մասնավորից են»:
Երեք տարում համակարգին միացած քաղաքացիների վճարումները 33 տոկոսով ավելացել են: 68 մլրդ դրամից ավելի գումար է ներդրված, դրանց մոտավորապես կեսը՝ պարտատոմսերում, մնացածը՝ դրամական այլ միջոցներում՝ ավանդներում, բաժնետոմսերում ու այլ արժեթղթերում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ պարտադիր պայման է՝ գումարի 60 տոկոսը ներդրվում է տնտեսությունում: Վստահեցնում է՝ գումարների հետ զգուշավոր են.
«Պետք է հաշվի առնենք, որ այդ գումարները մեր ապագա կենսաթոշակառուների խնայողություններն են: Պետք է այդ ռիսկի ու վերադարձի բալանսը այնպես պահվի, որ էական վտանգի առջև չկանգնենք»:

Զրուցակիցս ընդգծում է՝ 2017-ին պետական բյուջեով շուրջ 28 մլրդ դրամ էր նախատեսված համակարգի համար։ Հաջորդ տարի արդեն նախատեսված է 43 մլրդ դրամ ինչպես համակարգում ընդգրկված շահառուների, այնպես էլ նոր միացողների համար։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ դժգոհությունները համակարգից առաջացան, որովհետև ֆինանսական գրագիտության պակաս կար, բացի այդ՝ նաեւ անվստահություն։ Ավելին՝ խորհրդային տարիների կորցրած ավանդների մասին ավագ սերնդի հիշողությունները նաև երիտասարդներին են փոխանցվել:
«Ռադիոլուրի» զրուցակից ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցրում է բոլոր կասկածներն ու մտահոգությունները.
«ԽՍՀՄ գումարները ամբողջությամբ ներդրված էին հենց ներսում՝ ԽՄ տնտեսությանում»:
Նույնը չի կրկնվի: Մեր երկրի ֆինանսների գլխավոր կառավարիչը մեկ անգամ ևս ցրում է բոլոր մտահոգությունները՝ գումարները չեն փոշիանա, դրա համար ամեն ինչ անում են:

Ի վերջո, համակարգի ներդրման երրորդ տարում արդյոք սպառողից դարձանք խնայող հասարակություն՝ հարցնում եմ ֆինանսների նախարարին: Նա վստահ է՝ ինչ որ բան փոխվել է:
Վարդան Արամյանը փորձում է փարատել այն կասկածները, որ նեղն ընկնելու դեպքում կառավարությունը այս գումարներով փորձի բյուջետային խնդիրները լուծել.
«Նույնն է, եթե պետությունը փորձի խլել իր տունը»:
«Ռադիոլուրի» տնտեսագետ զրուցակիցը՝ Գագիկ Վարդանյանը, վստահեցնում է՝ ՀՀ քաղաքացին պետք է վստահորեն կուտակի ու կարողանա խնայել: Նա եվրոպական փորձն է մատնանշում ու համեմատում Հայաստանի հետ:
Թե ինչպե՞ս են պայքարելու աշխատանքային ստվերի դեմ, ֆինանսների նախարարն ասում է՝ կանխիկ գործարքների թիվը նվազեցնելով ու դրանք էլեկտրոնային դարձնելով:




