

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Սեւանի ձկնապաշարների այս տարվա չափի որոշումը կավարտի դեկտեմբերին: Մինչ այդ, կենտրոնը շարունակելու է ուսումնասիրությունները:
Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Սեւանի ձկնապաշարների մի փոքր աճ է նկատվել, սակայն, դա եղել է շատ քիչ եւ ոչ կայուն:
Ի տարբերություն ձկնային պաշարների, Սեւանում կտրուկ եւ անթույլատրելի չափով կրճատվել են խեցգետնի պաշարները: Այս մասին էլ ահազանգել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Հիդրոէկոլոգ-ձկնաբանները կարծում են, որ հատկապես ձվադրման շրջանում պատշաճ պահպանության անհրաժեշտություն կա՝ ոչ կառավարելի որսը կանխելու եւ ցանկալի արդյունք ստանալու համար: Պատասխանատուները, մինչդեռ, համոզված են, որ Սեւանի հարցով որդեգրված քաղաքականությունն արդյունքներ արդեն տալիս է:
2014 թվականից սկսած Սեւանա լճում կիրառվում են նոր տիպի որսագործիքներ, որոնք, ի տարբերություն խայծով թակարդների, որսում են բոլոր չափերի խեցգետիններին: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն այսօր հերթական անգամ ահազանգեց, որ նման որսագործիքների կիրառումը անթույլատրելի չափերով կրճատում է խեցգետիների պաշարը լճում: Ներկա դրությամբ, ըստ նրա, դրանք գրեթե երկու անգամ կրճատվել են:
«Անխնա ձեւով հանվում են նաեւ ոչ արդյունագործական չափի կենդանիները: Մեր կատարած ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ Սեւանա լճում կտրուկ կրճատվել են խեցգետնի պաշարները»:
Խեցգետնի բազմացման շրջանում բնապահպանության նախարարությունն ընդհանրապես արգելեց խեցգետնի որսը: Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ դա կարող էր որոշ չափով բարելավել վիճակը, եթե հնարավոր լիներ խիստ վերահսկողություն ապահովել: Թե որքանո՞վ է արդյունավետ եղել այդ արգելքը՝ ցույց կտան արդեն տարեվերջյան դիտարկումներն ու ավարտուն հաշվարկները՝ ասաց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:
«Եթե այս տեմպերով, այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա մենք կունենանք ոչ միայն ձկնային պաշարների խզում, այլեւ խեցգետնային պաշարների»:
Խեցգետինների հետ տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ կատարվեց կոնկրետ սիգ ձկնատեսակի հետ՝ նկատեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Փաստորեն գերորսի արդյունքում մենք ունենք արդյունագործական պաշարների խզում: Դա ոչ կառավարելի որսի արդյունքն է, այսինքն՝ որսում են մանր, ոչ արդյունագործական չափերի առանձնյակներ, որսում են բազմացման ժամանակ, թեկուզ այս տարի արգելք եղավ բազմացման շրջանում, բայց դա բավարար չէ: Պետք է դա լինի շարունակական, որպեսզի ունենանք վերականգնում ե՛ւ խեցգետնի, ե՛ւ սիգի, ե՛ւ մնացած ձկնատեսակների, որոնք գոյություն ունեն Սեւանա Լճում:
Սեւանի խնդիրներն օրերս քննարկվեցին պատասխանատուների հետ հանրապետության նախագահի անցկացրած խորհրդակցության ժամանակ, որտեղ տրվեցին նաեւ հանձնարարականներ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահ է.

«Քաղաքականությունը, որ որդեգրվել է Սեւանի բարձրացման եւ որակական ուղղություններով, լավ արդյունքներ է տալիս»:
Նախագահին առընթեր Սեւանի հարցերի հանձնաժողովի համակարգող Յուրի Ջավադյանի խոսքով՝ հաստատված եւ իրականացված պետական ծրագրով կատարված աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի են՝ սկսած ջրի որակի բարելավումից.
«Թափանցելիությունը բավականին բարձրացել է: Արդեն ձկնային պաշարների վերականգնումն ու աճն է սկսվելու: Մեր նպատակը մաքուր ջրով Սեւանի մակարդակը բարձրացնելն է ու լավ էկոհամակարգով լիճ ունենալը»:
Սեւանա լճում ձկնապաշարների վերականգնման համալիր ծրագրի արդյունքների համար կարեւոր օղակներ են «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություններն ու «Սեւանի իշխան» ընկերության նորաբաց մանրաձկան գործարանը: Ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 2022 թվականին: Սպասվող արդյունքների մասին էլ ասաց.

«Ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում այս գործարանում մենք կարտադրենք 4 մլն մանրաձուկ՝ արտադրական նպատակներով, իսկ լճում պաշարները վերականգնելու համար՝ յուրաքանչյուր տարի 1.5 մլն մանրաձուկ»:
Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ Սեւանի այս տարվա ձկնապաշարների չափի որոշումն իրենք կավարտեն դեկտեմբերին: Մինչ այդ կենտրոնը շարունակելու է ուսումնասիրությունները: Կենտրոնն, ի դեպ, անցած մի քանի տարիների ընթացքում Սեւանի ձկնապաշարների, մասնավորապես՝ սիգի, մի փոքր աճ է արձանագրել:

«Արդյունագործական պաշարները վերջին 3-4 տարվա մեջ աճել են ընդամենը, երեւի, մի 100 տոննայով: Այսինքն, եղել են մոտավորապես 300-350 տոննա, հիմա՝ անցյալ տարվա դրությամբ, մեզ մոտ այն գնահատվել է 450 տոննա, ինչը շատ քիչ է»:
Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ հատկապես ձվադրման շրջանում պատշաճ պահպանության դեպքում միայն հնարավոր կլինի 2-3 տարում հասնել 1000 տոննայի, ինչը թույլ կտա Սեւանից թույլատրելի որս կատարելու առաջարկ տալ՝ արդյունագործական պաշարի 40-50 տոկոսի չափով:




