Հասարակություն

Որտեղ է ոստիկանությունը. hանրությանը մտահոգող խնդիրները բարձրացնում է հանրապետության նախագահը

Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի շարք հանցագործություններ, որոնց մասին մամուլը չի դադարում խոսել: Ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են:

Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին նախագահ Սարգսյանն է այս մասին հայտարարում՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ օպերատիվ իրավիճակը երկրում խուճապալի չէ:

Այդուհանդերձ, երկրում ոստիկանության հանդեպ անվստահություն կա՝ շեշտում են թե նախագահը, թե իրավապաշտպանները, թե քաղաքացիները: Որքանո՞վ են հույս ներշնչում ոստիկանական համակարգի բարեփոխման վերաբերյալ նախագահի նոր հորդորները:

Ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ Հայաստանում կատարվում են ծանր հանցագործություններ: Ընդ որում՝ նման դեպքերն ավելանում են՝ ստանալով առավել հանդուգն դրսևորումներ: Ինչու որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել:

Կամ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր: Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքները խիստ ձևական են կամ փաստացի չեն իրականացվում:

Մի դեպքում նույնիսկ 24 տարի որևէ մեկը հետախուզվող մարդուն չի անհանգստացրել: Որտեղ է ոստիկանությունը: Հանրությանը մտահոգող խնդիրները բարձրացնում է  հանրապետության նախագահը:

Հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Սա պարզ տեսանելի պրակտիկայում բացահայտված տասնյակ, երբեմն զավեշտի հասնող դեպքերից: Այս ամենը վկայում է, որ նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: Հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում: Սա էլ դեռ առանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածով հետախուզվողների, խոսքը ժամկետային զինծառայությունից խուսափելու մասին է: Հակառակ դեպքում՝ հայտնաբերման ցուցանիշը լավագույն դեպքում հասնում է 14 տոկոսի:

Նախագահը մատնանշում է ուղղություններ՝ բարեփոխել է պետք ու արագ:  Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Բարեփոխումների մասին նախագահի հրահանգը վստահություն ներշնչո՞ւմ է, հավատո՞ւմ է շարքային քաղաքացին ոստիկանությանը: «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցախույզը:

Եթե քաղաքացինեըը թերահավատ են հանցավորության դեմ պայքարի հարցում, ապա նկատում են բարեփոխումներ ճանապարհային ոստիկանության աշխատանքներում: Իսկ «Համայնք եւ իրավունք» Հկ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը կարծում է, որ հանրապետության նախագահը, այդքան խնդիրների մասին բարձրաձայնելով հանդերձ, երկրում հանցավորության վիճակի մասին առնվազն լավ տեղեկացված չէ:

Ոստիկանը մեզ համար դեռ վախեցնող կերպար է, ոչ թե մեր պաշտպանը, ասում է Մկրտչյանը: Խորհրդային տարիներից այս կարծրատիպը փոխել այդպես էլ չհաջողվեց: Իսկ կհաջողվի՞ արդյոք առաջիկայում:

Իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը որոշակի փոփոխություններ ակնկալում է, նախագահն, ասում է, շատ կոշտ խոսեց: Սակայն այդ փոփոխությունները շոշափելի կլինեն հասարակության համար, շարունակում է կասկածելի մնալ:

Կարդացեք նաև

Back to top button